Опубликовано H.Andreasyan -
Երկարաժամկետ, կայուն և տևական խաղաղության հասնելու հնարավորություն ունենք․ Փաշինյան

Երկարաժամկետ, կայուն և տևական խաղաղության հասնելու հնարավորություն ունենք․ Փաշինյան

Եթե Հայաստանի  և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում։ Եթե նման հարց բարձրացվում է, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 3-ին՝ Կառավարության նիստին:

Նրա խոսքով՝ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը ոչ թե սահմանի բացակայության մասին են վկայում, այլ հակառակը՝ որոշված, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև Խորհրդային միության փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանագծերի վերահաստատման և հողի վրա դրանց արտացոլման գործընթացն է՝ որպես պետական սահման։

«Այդ առումով ուզում եմ ընդգծել Հայաստանի հավատարմությունը միմյանց 86․600 և 29․800 քկմ տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը։ Սպասում ենք Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածության հրապարակային վերահաստատմանը։

Նաև ուզում եմ ընդգծել, որ ի հեճուկս բոլոր բարդությունների՝ մենք իսկապես երկարաժամկետ, կայուն և տևական խաղաղության հասնելու հնարավորություն ունենք։

Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն ուղղված քայլերից, ինչպես, օրինակ, միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շարունակական տորպեդահարումը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և շաբաթվա սկզբին Լաչինի միջանցքից Կարմիր խաչի կողմից Երևան տեղափոխվող ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Վագիֆ Խաչատրյանին, մյուս գերիներին, պատանդներին, պահվող անձանց ազատ արձակելը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ։

«Որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ՝ կոչ եմ անում նաև չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը ԼՂ Լաչինի միջանցքով, առավել ևս, որ բեռի անցմանը խոչընդոտելը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 1-ի որոշումների կոպիտ խախտում է»,- ասել է վարչապետը։

 

Добавить комментарий