Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Գազի նախագծի ամբողջական իրագործումն ուղղված է Իրանի և Պակիստանի ժողովուրդների շահերին. Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Պակիստանի արտաքին գործերի նախարար Բիլավալ Բհուտո Զարդարիի հետ կարևոր բանակցություններ է վարել իրանական գազը Պակիստան տեղափոխելու խողովակաշարի նախագծի շուրջ և համոզված է, որ այդ նախագծի ամբողջական իրագործումն ուղղված է երկու ժողովուրդների շահերին։

Ըստ «​​​​Դետք»-ի՝ իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Աբդոլլահիանն ասել է Զարդարիի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։

Աբդոլլահիանը շեշտել է, որ Թեհրանը լիովին պատրաստ է Իրան-Պակիստան գազատարի կառուցման IP նախագծի ամբողջական իրագործմանը։

Պակիստանի արտաքին գործերի նախարարն իր հերթին նշել է, որ երկու երկրները լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել գերիների և դատապարտյալների փոխանակման, ինչպես նաև երկու կողմի ձկնորսների ու  նավերի ազատ արձակման շուրջ։ Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ հարևան երկրների հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականության շրջանակում Պակիստանը ևս վճռական է խորացնել Իրանի հետ համակողմանի համագործակցությունը՝ ընդհանուր շահերին հասնելու համար։

Զարդարին միևնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ իրանա-պակիստանյան երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ «Պակիստանը հանձնառու է ավարտին հասցնել իրանական գազի  նախագիծը, քանի որ այն անհրաժեշտ է համարում իր էներգետիկ անվտանգության համար»,- ասել է նա։


#Դետքի_հետագծով

Ընդհանուր առմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը Պակիստանի հետ ունի բնականոն հարաբերություններ և համագործակցություն։ 

Միևնույն ժամանակ երկու երկրներն ունեն համագործակցության միմյանց հետաքրքրող խնդիրներ՝ կապված սահմանների անվտանգության հետ։ Մասնավորապես Պակիստանում գտնվող և այդ երկրի իշխանությունների կողմից չվերահսկվող գրոհային խմբերը վտանգ են ներկայացնում նաև Իրանի համար, իսկ վերջինս տարբեր կերպ փորձում է չեզոքացնել այդ վտանգը։

 

Добавить комментарий