Մոսկվան աջակցում է Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկին. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմն աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության մեկնարկին։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Զախարովան ասել է նախօրեին կայացած իր ճեպազրույցի ժամանակ։
Զախարովան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ռուս խաղաղապահները նախկինում նույնպես նպաստել են պատվիրակությունների հանդիպումների կազմակերպմանը։
«Մենք աջակցում ենք Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկին: Այս թեման շահագրգիռ կողմերի հետ մեր շփումների օրակարգում է: Ռուս խաղաղապահները նախկինում օգնել են երկու պատվիրակությունների հանդիպումների կազմակերպմանը և պատրաստ են շարունակել անհրաժեշտ օգնության ցուցաբերումը»,- ասել է նա:
Վերջինս նաև նշել է, որ Ռուսաստանը ոչ մի նախապայման չի առաջադրում, ինչպես նաև ջանասիրաբար աշխատում է կողմերի մոտեցումները մերձեցնելու ուղղությամբ, որոնք ներկայումս լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության սրման ֆոնին։
#Դետքի_հետագծով
Վերջին շրջանում բավականին ակտիվ շրջանառվում Է Արցախի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպելու թեման, և այս հարցում տարբեր դերակատարների միջև մրցակցություն է նկատվում։ Զախարովայի հայտարարությունը, թե Ռուսաստանը ոչ մի նախապայման չի առաջադրում, կապված է այն տեղեկության հետ, որ Վաշինգտոնն Արցախին պարտադրում է այսպես կոչված ինտեգրացիայի օրակարգով երրորդ երկրում բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, իսկ մերժելու դեպքում սպառնում, որ Ադրբեջանն Արցախի դեմ «հակաահաբեկչական գործողություն կիրականացնի»։
Добавить комментарий