Опубликовано detq-editor -
Իրանն աջակցում է այլ երկրների հետ Սիրիայի դիվանագիտական մերձեցմանը

Իրանն աջակցում է այլ երկրների հետ Սիրիայի դիվանագիտական մերձեցմանը

Իրանն աջակցում է այլ երկրների հետ Սիրիայի դիվանագիտական մերձեցմանը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իրանն աջակցում է Սիրիայի դիվանագիտական մերձեցմանն այլ երկրների հետ։ Ինչպես հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Իրավանին ասել է, որ անվտանգ, կայուն և զարգացած Սիրիան ձեռնտու է սիրիացի ժողովրդին, ինչպես նաև տարածաշրջանին ու միջազգային հանրությանը։

Իրավանին Սիրիայում քաղաքական և հումանիտար զարգացումների վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վերահաստատել է, որ Սիրիայում ճգնաժամը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա։

«Քաղաքական լուծումը, որը հիմնված է սիրիացիների ղեկավարության և նրանց առաջնորդության վրա, որին նպաստում է ՄԱԿ-ը, այս ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է։ Նման գործընթացը պետք է լիովին պաշտպանի Սիրիայի Արաբական Հանրապետության միասնությունը, ինչպես նաև նրա ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասել է Իրանի ներկայացուցիչը:

Վերջինս անդրադարձել է նաև ահաբեկչությանը՝ այն անվանելով լուրջ սպառնալիք Սիրիայի և տարածաշրջանի համար։ Նրա խոսքով՝ Սիրիայի հյուսիսում օտարերկրյա ուժերը չպետք է օգտագործեն ահաբեկչության դեմ պայքարը որպես պատրվակ՝ խախտելու արաբական երկրի ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

«Նման անօրինական ներկայությունը շարունակում է խախտել ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը՝ միաժամանակ ստեղծելով իդեալական պայմաններ ահաբեկչական գործունեության համար։ Այն պետք է ավարտվի»,- նշել է նա։

Իրավանին հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է Սիրիայի տարածքի նկատմամբ իրականացվող իսրայելական հարձակումները, որոնք սպառնում են միջազգային և տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։ Նա շեշտել է, որ այդ հարձակումները շարունակվում են՝ չնայած դրանք դատապարտելու վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ին ուղղված Դամասկոսի բազմաթիվ կոչերին։

Վերջինս նաև աջակցություն և երախտագիտություն է հայտնել Սիրիայի կառավարությանն ազգային հաշտեցմանն ուղղված ջանքերի համար։ Նրա խոսքով՝ այդ ջանքերը Սիրիայում կայունության վերականգնման հիմնական միջոցն են։

 

Իրանի ներկայացուցիչը հավելել է, որ Սիրիան միշտ առանցքային դեր է խաղացել Արևմտյան Ասիայում և եղել է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հիմնական սյուներից մեկը։

Добавить комментарий