Թուրքիան արդիականացնում է իր սուզանավերը Պակիստանի կարիքների համար
Թուրքական նավաշինական STM ընկերությունը, որպես արտահանման պայմանագրի մաս, ավարտել է «Agosta 90B» դասի սուզանավերի արդիականացումը՝ նախատեսված Պակիստանի ռազմածովային ուժերի կարիքների համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Ընկերության գլխավոր տնօրեն Օզգուր Գյուլերյուզը հայտնել է, որ ընկերությունը սուզանավի արդիականացման մրցույթը շահել է 2016 թվականին՝ արտադրող ընկերության հետ մրցակցության արդյունքում։ «Մեր ընկերությունը շահել է ֆրանսիական արտադրության «Agosta 90B» դասի սուզանավերի արդիականացման մրցույթը։ Այնուհետև նախագիծը համալրվել է ևս երկու սուզանավով։ Առաջին սուզանավը հանձնվել է 2021 թվականի ապրիլին, իսկ երկրորդը՝ 2022 թվականի դեկտեմբերին»,- ասել է նա։
Գյուլերյուզի խոսքով՝ այս նախագիծը մեծ նշանակություն ունի ընկերության համար։ Նա նշել է, որ այս պահին ինտենսիվ աշխատանք է իրականացվում երրորդ սուզանավի արդիականացման հետ կապված, որը նախատեսվում է երկու տարվա ընթացքում տեղափոխել Պակիստան։
Ընկերության տնօրենը հայտնել է, որ ծրագրի շրջանակում թարմացվել են մի շարք համակարգեր, ինչպես նաև իրականացվել է սուզանավերի լայնածավալ արդիականացում, որոնց ծառայության ժամկետը հասնում է 20 տարվա։ Նա ընդգծել է, որ սուզանավերի ոլորտում իր զարգացումների շնորհիվ թուրքական ընկերությունը ձգտում է ուժեղ խաղացող դառնալ միջազգային ասպարեզում։
Գյուլերյուզն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ թուրք մշակողները շարունակում են աշխատել անօդաչու ծովային մեքենաների ստեղծման վրա։ «Անօդաչու ծովային մեքենաների ստեղծումն ընկերության առաջնահերթություններից է։ Այստեղ մենք նույնպես ձգտում ենք հաջողության։ Այս ուղղությամբ հետազոտական աշխատանքները շարունակվում են ակտիվ տեմպերով»,- եզրափակել է նա։
Добавить комментарий