Опубликовано H.Andreasyan -
Կարծես լուռ համաձայնություն կա՝ մեզ թողնել Ադրբեջանի հետ մեն-մենակ. Արցախի նախագահ

Կարծես լուռ համաձայնություն կա՝ մեզ թողնել Ադրբեջանի հետ մեն-մենակ. Արցախի նախագահ

Միջազգային կառույցներից արձագանքներ եղել են, կան ու կլինեն, բայց արդյունք չկա: Այս մասին օգոստոսի 6-ին Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Առաջին նամակը ես ուղղել եմ ՌԴ նախագահին, դեռ հունիսի սկզբներին և ներկայացրել եմ, որ վիճակն արդեն աղետալի է: Դրան Հայաստանի վարչապետը լրացուցիչ հուլիսի 5-ին անդրադարձել է: Դրանից հետո տեղի է ունեցել Ալիև-Փաշինյան-Շառլ Միշել հանդիպումը, դրանից հետո տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից կազմակերպված Բայրամով-Միրզոյան-Լավրով  եռակողմ հանդիպումը: Կարծես ամեն տեղ ֆիքսել են, որ կա խնդիր, և վիճակն օր օրի վատթարանում է, բայց արդյունքները զրոյական են»,- նշել է Արցախի նախագահը:

Երկխոսությունը ստիպողաբար չի լինում: Կարծես լուռ համաձայնություն կա, որ մեզ թողնեն Ադրբեջանի հետ մեն-մենակ։ Անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսությանը՝ ասել է Արայիկ Հարությունյանը։

«Ադրբեջանը, օգտագործելով ճնշման մեթոդը... բայց սա արդեն ճնշման մեթոդ չէ, մենք գտնվում ենք այն կարգավիճակում, որ ցեղասպանության եզրին ենք: Դա երկխոսություն անվանել չի կարելի, մեզ ընդամենը դրդում են ընդունել Ադրբեջանի պայմանները, պահանջները, ինչը մեզ համար անընդունելի է: Ցանկացած երկխոսություն պետք է լինի իրավահավասարության, արժանապատվության և իրավունքների շրջանակում: Այդ երեք սկզբունքները խախտված են, դրա համար մենք շարունակելու ենք պնդել, որ միջազգային հանրությունը հարգի մեր իրավունքները: Այդ առումով դեռ կա գործիքակազմ»,- ասել է Արցախի նախագահը։

Նա նշել է, որ առաջիկա օրերին հատուկ ուղերձով դիմելու է միջազգային դերակատարներին և կոնկրետ առաջարկությամբ կամ պահանջներով․ «Որովհետև եթե դրդում են Ադրբեջանի հետ երկխոսության, պետք է ստեղծեն այդ պայմանները, որից հետո նոր մեզ հորդորեն կամ պահանջեն հանդիպել»:

Արայիկ Հարությունյանն ասել է, որ մինչ այս Ադրբեջանի հետ շփումներ եղել են ռուս խաղաղապահների միջնորդությամբ, և դրանք միայն սոցիալական ենթակառուցվածքներին էին վերաբերում, որոնք որոշակի արդյունք տալիս էին, սակայն դեկտեմբերի 12-ից սկսած՝ Ադրբեջանը փոխել է իր վարքագիծը և հարգանքի մթնոլորտում զրույցները տեղափոխել է ճնշման հարթություն․ «Այն ժամանակ մենք ունեինք ազատ տեղաշարժ Հայաստանի հետ, ունեինք հնարավորություն ուղղակի շփվելու միջազգային հանրության հետ ոչ թե հեռախոսով, այլ ունենալ այցելություններ, կազմակերպել հանդիպումներ։ Մենք պետք է վերականգնենք այդ ձևաչափը, որից հետո կարող է լինել իրական երկխոսություն կամ բանակցություններ»:

Добавить комментарий