Արևմուտքը ջանք է գործադրել՝ երրորդ երկրում հանդիպում կազմակերպելու․ Արցախի նախագահ
Արևմուտքը ջանք գործադրել է երրորդ երկրում Բաքու-Ստեփանակերտ հանդիպում կազմակերպելու։ Իհարկե, մեր կողմից եղել է դրական պատասխան, մանավանդ, որ այն մոտ էր միջազգային ձևաչափին։ Ադրբեջանը հրաժարվել է նաև այդ ձևաչափից: Այս մասին օգոստոսի 6-ին Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Ադրբեջանի հրաժարվելուց հետո հարցը մնացել է օդում կախված:
Հարցին, թե ի՞նչ է առաջարկվում արևմտյան և ռուսական հարթակներում, նախագահը պատասխանել է. «Առաջին փուլում որևէ առաջարկություն չեն անում, փորձում են ձևավորել այդ երկխոսությունը և թողնել թեմաները հանդիպման ընթացքում: Ադրբեջանն այստեղ ունի իր օրակարգը, պահանջները, մենք էլ ունենք մեր օրակարգը, մեր իրավունքներից ելնելով՝ առաջարկությունները, դրա համար կոնկրետ օրակարգ չի քննարկվել»:
Անդրադառնալով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար օգնություն տրամադրելու Բաքվի առաջարկին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Արցախում հումանիտար աղետն Ադրբեջանի իրականացրած քաղաքականության արդյունք է. «Ցանկացած առաջարկություն, որն ուղղված է մեզ, պետք է առաջին հերթին լինի մեր արժանապատվության շրջանակում, լինի միջազգային մարդասիրական նորմերի, կանոնների համաձայն: Ցանկացած կենսական նշանակություն ունեցող առաջարկության կամ որոշման դեպքում մենք պետք է ունենանք կոնսենսուս, որը պետք է արտահայտի մեր ժողովրդի տրամադրությունները»:
Добавить комментарий