Опубликовано H.Andreasyan -
Նոր երթուղու փոփոխությունը ստորագրված է 3 ղեկավարների կողմից. ԱՀ նախագահը՝ ՀՀ վարչապետի մեղադրանքների մասին

Նոր երթուղու փոփոխությունը ստորագրված է 3 ղեկավարների կողմից. ԱՀ նախագահը՝ ՀՀ վարչապետի մեղադրանքների մասին

Լաչինի միջանցքին փոխարինող երթուղու նպատակը եղել է պահպանել Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Այս մասին օգոստոսի 6-ին Արցախի Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքին, որ Բերձորի միջանցքով երթուղու փոփոխությունը Ստեփանակերտը կատարել է ինքնուրույն, նույնիսկ փաստի առաջ է կանգնեցրել ՀՀ իշխանություններին:

«Առաջին փուլում քննարկվում էր՝ երթուղին որտեղով պետք է ընթանա։ Ադրբեջանն ուներ իր առաջարկությունը, Ռուսաստանը՝ իրենը, բայց վերջում ընդունվեց մեր առաջարկությունը։ Հենց այս երթուղու նպատակը եղել է պահպանել մեր գյուղերը, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Եթե ընդունեինք այլ ճանապարհ, ապա կկորցնեինք այդ գյուղերը և բազմաթիվ այլ հիմնավորումներ ունենք, թե ինչու էր անհրաժեշտ հենց այս երթուղին, այսինքն՝ ընդունվեց Ղարաբաղի առաջարկությունը, և դա վերջում ընդունեցին և՛ Հայաստանը, և՛ ՌԴ-ն, և՛ Ադրբեջանը: Եվ Հայաստանը մինչ այդ մրցույթ էր հայտարարել, նախագծային աշխատանքներ էր իրականացրել մինչ այդ, այսինքն, երթուղու առումով բոլորի կողմից կար ընդհանուր հասկացողություն, և բոլորն ընդունել են»,- ասել է Հարությունյանը:

Նա նշել է, որ ժամկետի առումով ընթանում էին բանակցություններ, որ պետք է լրացուցիչ համաձայնագիր ստորագրվեր, բայց չստորագրվեց տարբեր պատճառներով․ «Բայց ես ունեմ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի նամակը, որ օգոստոսի 5-ին ՌԴ խաղաղապահները ստիպված են լինելու թողնել նախկին ճանապարհը և տեղափոխել իրենց հենակետերը նոր երթուղի։ Դա ԼՂԻՄ-ի տարածքում էր, ինչու եմ ԼՂԻՄ ձևակերպում, որովհետև ԼՂԻՄ-ի տարածքում ռուս խաղաղապահներն այլ կարգավիճակով էին, իսկ միջանցքի տարածքում՝ այլ կարգավիճակով: Ընդամենը մեր խնդիրն է եղել փրկել Աղավնոյում, Բերձորում ապրող մեր հայերի կյանքը։ Խնդրել ենք ևս 20 օր հետաձգել և այդ 20 օրվա ընթացքում մեր հայրենակիցների տեղահանումն ենք կազմակերպել: Պատկերացնում էիք՝ ինչ վիճակ կլիներ, եթե ադրբեջանական զորքը մտներ Բերձոր, Աղավնո, և մեր մի քանի հարյուր հայրենակիցներ մնային այնտեղ»:

Արցախի նախագահն ընդգծել է, որ նոր երթուղու փոփոխությունը ստորագրված է երեք ղեկավարների կողմից. «Մենք չենք ստորագրել երթուղու փոփոխությունը, և այս շրջափակումը կապված չէ երթուղու փոփոխության հետ»:

Добавить комментарий