Մոսկվան պատրաստ է քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի դիվանագիտական լուծման համար և պատրաստ է արձագանքել իսկապես լուրջ առաջարկներին: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Զախարովան շեշտել է, որ ռուսական կողմը բարձր է գնահատում բարեկամների միջնորդական և մարդասիրական նախաձեռնությունները, որոնք ուղղված են խաղաղության ձեռքբերմանը:
«Մենք բարձր ենք գնահատում գլոբալ հարավի երկրների մեր բարեկամների միջնորդական և մարդասիրական նախաձեռնությունները, որոնք ուղղված են խաղաղության ձեռքբերմանը: Ի տարբերություն Կիևի ռեժիմի, որն ընդհատել և արգելել է բանակցությունները Ռուսաստանի հետ, մենք միշտ բաց ենք եղել ու բաց ենք մնում ճգնաժամի դիվանագիտական լուծման համար և պատրաստ ենք արձագանքել իսկապես լուրջ առաջարկներին»,- ասել է նա:
Ռուս պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ առանց Ռուսաստանի մասնակցության և նրա շահերը հաշվի առնելու ուկրաինական ճգնաժամի թեմատիկայի շուրջ ոչ մի հանդիպում ոչ մի հավելյալ արժեք չունի։ Նրա խոսքով՝ իրավիճակի «համապարփակ, կայուն և արդար կարգավորում» հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևի վարչակարգը դադարեցնի, իր խոսքով, «ռազմական գործողություններն ու ահաբեկչական հարձակումները», իսկ նրա «արևմտյան հովանավորները դադարեցնեն Ուկրաինայի զինված ուժերին զենքի մատակարարումները»։
Զախարովան հավելել է նաև, որ Ուկրաինան պետք է ունենա չեզոք կարգավիճակ և որևէ դաշինքի անդամ չլինի։
#Դետքի_հետագծով
Օգոստոսի 5-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Ուկրաինայի հարցով բանակցություններ են անցկացվել, որոնց հրավիրվել են շուրջ 30 երկրների ներկայացուցիչներ, սակայն ոչ Ռուսաստանը։ Այս նախաձեռնությունը բնականաբար չի վայելում Մոսկվայի աջակցությունը, քանի որ վերջինս պնդում է՝ առանց իր մասնակցության հնարավոր չէ արդյունավետ բանակցություններ կազմակերպել։
Добавить комментарий