Опубликовано D.Guyumjyan -
detq

ՌԴ ԱԳՆ-ն վերահաստատել է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը պատրաստ չեն համաձայնվել ցանկացած պայմանի​​​​​​​

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակում պետք է լուծումներ գտնել մի շարք բարդ թեմաների շուրջ։  Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Զայցևն ասել է՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարի՝ օրերս արած հայտարարությունը։

«Ինչ-որ մեկին կարող է շահեկան լինել գործընթացի արագացումը, ինչ-որ բանի որքան հնարավոր է շուտ հասնելը: Բայց հարցն այն է, թե ինչպես է դա հետո իրականացվելու: Հենց սա է, ինչպես հասկանում եմ, նա (Գոնչարը) իր ելույթում ընդգծել»,- նշել է Զայցևը։

Ռուս պաշտոնյան շեշտել է, որ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի նախապատրաստումը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ-ն, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների բաղադրիչներից է։

«Ռուսական կողմը եռանդով աջակցում է Բաքվին և Երևանին այս փաստաթղթի պատրաստման գործում՝ օգտագործելով բոլոր մակարդակներում քաղաքական և դիվանագիտական միջոցները: Ամեն տարի անցկացվում են եռակողմ գագաթնաժողովներ, ԱԳ նախարարները պարբերաբար հանդիպում են, և նման հանդիպում եղել է վերջերս»,- ասել է նա։

Զայցևը հավելել է, որ Բաքվից և Երևանից ստացվող ազդակները՝ շուտափույթ խաղաղության հասնելու իրենց հանձնառության մասին, ամենևին չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնվել ցանկացած պայմանի։

#Դետքի_հետագծով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում միջնորդություն իրականացնելու նպատակով Ռուսաստանի և Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական մրցակցություն է ընթանում։ Արևմուտքը փորձում է ամեն գնով և հնարավորինս արագ հասնել որևէ փաստաթղթի ստորագրման, որով ռուս խաղաղապահները դուրս կբերվեն Արցախից, և ռուս պաշտոնյայի հայտարարությունը տեղավորվում է այս տրամաբանության մեջ։

 

Добавить комментарий