«Բաց հրաձգարանը պետք է դառնա «Ազատազէնի» գործունեության սյուներից մեկը». ՌՀԿ-ի հայցի քննությունն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
Այսօր ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում տեղի ունեցավ «Ազատազէն» ՌՀԿ-ի հայցի քննությունն ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության։
«Ազատազէն» ՌՀԿ-ի պաշտպան Տարոն Բաղդասարյանը դատական նիստին ներկայացրեց Ոստիկանության անօրինական, հայեցողական լիազորությունների ոչ ճիշտ կիրառման, ձևական պահանջների չարաշահման, կամայական վերաբերմունքի դրսևորման և ոչ պրոֆեսիոնալ վարչարարության արդյունքում ՌՀԿ-ին «բաց հրաձգարանի լիցենզիայի տրամադրումը» մերժելու փաստերը։
«Հայ ժողովրդի իրավունքները պարբերաբար խախտվում են թշնամու կողմից թե՛ սահմանին, թե՛ դրանից ներս: Այս պարագայում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ոչ պրոֆեսիոնալ վարչարարության հիմքով խախտում և չի կիրառում մեզ համար իրական օրակարգ հանդիսացող բաց քաղաքացիական հրաձգարան ունենալու պահանջը։
Այս գործելաոճը պետք է շտապ վերանայվի և շտկվի, իսկ բաց հրաձգարանը պետք է դառնա «Ազատազէն» ՌՀԿ-ի գործունեության սյուներից մեկը՝ հանուն անվտանգ Հայաստանի։ Մենք մինչև վերջ պայքարելու ենք բոլոր թույլատրելի միջոցներով»,- նշեց պաշտպանը։
Դատարանը մեկ դատական նիստով ավարտեց գործի քննությունը: Վերջնական դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 5-ին:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսին «Ազատազէն» ՌՀԿ-ն դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն՝ բաց հրաձգարանի գործարկման լիցենզիա ստանալու խնդրանքով, սակայն Ոստիկանությունը մերժել է ՌՀԿ-ի դիմումը, քանի որ մինչ օրս չի կարողանում ապահովել հրաձգարանի հրահանգիչների որակավորման գործընթացը, որը լիցենզիա ստանալու բաղկացուցիչ մասն է։
Добавить комментарий