Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Թեհրանը վստահեցնում է՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի նկատմամբ կկիրառվի ամենախիստ պատիժը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վստահեցրել է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի նկատմամբ կկիրառվի ամենախիստ պատիժը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA  լրատվական գործակալությունը։

Իրանի գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ համապատասխան որոշումը կկայացնեն Իսլամական Հանրապետության դատական իշխանությունները։ Նրա խոսքով՝ Իրանի իրավապահ մարմիններն անհրաժեշտ հետաքննություն են անցկացրել՝ հարձակման դրդապատճառները բացահայտելու համար։ 

Աբդոլլահիանը ևս մեկ անգամ նշել է, որ հարձակումը չի կարող ահաբեկչություն որակվել, քանի որ հարձակվողն ունեցել է անձնական դրդապատճառներ։ 

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ զինված հարձակում է կատարվել, որի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, ևս երկուսը՝ վիրավորվել։ Հարձակումից հետո Ադրբեջանը տարհանել է դեսպանատան ողջ անձնակազմին, և կառույցի գործունեությունը մինչև այսօր կասեցված է։ 

#Դետքի_հետագծով

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ կատարված հարձակումն իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարման պատճառ դարձավ։ Մինչ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հարձակումը որակում է որպես ահաբեկչություն, իրանական կողմը հերքում է ահաբեկչության վարկածը՝ նշելով, որ հարձակվողն ունեցել է անձնական դրդապատճառներ։

Добавить комментарий