Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Չինաստանը կխորացնի Իրանի հետ պաշտպանական համագործակցությունը

Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուն հայտարարել է, որ Պեկինը կշարունակի Թեհրանի հետ խորացնել պաշտպանական համագործակցությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA  լրատվական գործակալությունը։

Լի Շանգֆուն շեշտել է, որ Չինաստանը կշարունակի ամրապնդել անվտանգության ոլորտում համագործակցության մեխանիզմը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ։  «Մենք կշարունակենք ամրապնդել անվտանգության ոլորտում համագործակցության մեխանիզմը ՇՀԿ-ի շրջանակում, ակտիվորեն խորացնել պաշտպանական համագործակցությունը կազմակերպության նոր անդամի՝ Իրանի, ինչպես նաև Բելառուսի հետ, որը շուտով կդառնա ՇՀԿ անդամ»,- ասել է նա։ 

Հիշեցնենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում։ Սկզբում կազմակերպությունը բաղկացած էր վեց երկրից՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, իսկ 2017 թվականին դրան միացան Հնդկաստանն ու Պակիստանը։

Հուլիսին Հնդկաստանում տեղի ունեցած ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովում հայտարարվեց, որ Իրանն անդամակցել է կազմակերպությանը։ Բացի դրանից` Բելառուսը ստորագրել է մտադրությունների հուշագիր, որը սահմանում է կազմակերպությունում լիիրավ անդամություն ստանալու կարգը։

#Դետքի_հետագծով

Վերջին տարիներին Իրանը և Չինաստանը խորացնում են երկկողմ փոխգործակցությունը պաշտպանական բնագավառում։ Այս երկրների համագործակցությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ երկուսն էլ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամներ են, ինչը համագործակցության համար լրացուցիչ հարթակներ և հնարավորություններ է ապահովում։ 


 

Добавить комментарий