Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Աբդոլլահիանը և Բորելը քննարկել են Իրանի միջուկային գործարքի վերականգնումը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ ճգնաժամը Նիգերում, պատերազմն Ուկրաինայում, Իրանի և Եվրամիության հարաբերությունները, ինչպես նաև Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը։ Այս համատեքստում Աբդոլլահիանը Հարավային Կորեայում իրանական միջոցների ապասառեցումը գնահատել է որպես դրական իրադարձություն։

Իրանի գլխավոր դիվանագետը կարևորել է Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցությունը՝ նշելով, որ «այժմ երկու կողմերը համագործակցության ճիշտ ճանապարհին են»։

Նա քննադատել է  Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները և նշել, որ «դա չի համապատասխանում Եվրոպայի շահերին»։

Անդրադառնալով Ուկրաինայում ընթացող պատերազմին՝ Աբդոլլահիանը հերքել է հակամարտությունում իրանական անօդաչուներն Ուկրաինայի դեմ օգտագործելու մեղադրանքները։ Նրա խոսքով՝ Ուկրաինան դրա ոչ մի կոնկրետ ապացույց չի ներկայացրել։ 

Բորելն իր հերթին ողջունել է առաջընթացն Իրանի և տարածաշրջանի երկրների միջև հարաբերություններում։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նշել է՝ հավատում է, որ Իրանի և Եվրոպայի միջև որոշ թյուրըմբռնումներ կլուծվեն երկխոսության միջոցով։ «Ես կցանկանայի ընդգծել, որ բոլոր ջանքերը կգործադրեմ բանակցությունները շարունակելու և բոլոր կողմերին Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի կատարմանը վերադարձնելու համար»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Իրանը ձգտում է վերականգնել 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագիրը, որից ԱՄՆ-ն 2018 թվականին՝ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման օրոք, միակողմանիորեն դուրս եկավ։ Միևնույն ժամանակ Թեհրանը ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ ԱՄՆ-ում քաղաքական փոփոխությունների դեպքում Վաշինգտոնը հավատարիմ կմնա գործարքին։

 

Добавить комментарий