Եռակողմ համաձայնագրերի դրույթներում շատ կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը ՌԴ աջակցությամբ․ Պոլյանսկի
Մենք մտահոգված ենք, որ շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը, ներկայումս, ավելի քան երբևէ, տեղում քայլեր են անհրաժեշտ՝ թոթափելու լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, մասնավորապես՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումն ու օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ։ ՌԴ-ն երկու կողմերի աջակցությամբ ամեն ջանք գործադրում է, որպեսզի արագորեն հանգուցալուծվի այս ճգնաժամը։ Հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստին։
«Մենք շարունակում ենք ակտիվ կապ պահպանել ներգրավված բոլոր կողմերի հետ, որպեսզի արագորեն վերսկսվի պարենի, դեղորայքի և անհրաժեշտ այլ պարագաների, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ»,- ասել է նա։
«Եռակողմ համաձայնագրերի դրույթներում շատ կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը Ռուսաստանի աջակցությամբ, որպեսզի վերականգնվեն տրանսպորտային ուղիները»,- նշել է Պոլյանսկին։
Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության և իրավունքների երաշխիքներ չլինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա՝ «Ադրբեջանի օրենքների համատեքստում»։
ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ այս տրամաբանությունը բխում է վերջին համաձայնություններից, որոնք վերահաստատել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները` յուրաքանչյուր կողմ ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։
Պոլյանսկին նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հուլիսի 25-ի բանակցությունների ժամանակ ռուսական կողմն իրատեսական փոխզիջումներ է առաջարկել՝ թոթափելու լարվածությունը, որոնք կողմերը հաշվի են առել․ «Դա ենթադրում է զուգահեռ մարդասիրական միջանցքի բացում՝ Աղդամով և Լաչինով՝ քաղաքացիական անձանց ու բեռների տեղաշարժի համար, որ արագ վերսկսվի երկխոսությունը Բաքվի ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղի բնակիչների ներկայացուցիչների միջև»։
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը հուսով է, որ գործընթացում քաղաքական կամք կցուցաբերվի՝ հաղթահարելու ստեղծված իրավիճակը, տևական երկխոսություն ունենալու Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով։
«Ռուսաստանը պատրաստ է աշխատել բոլոր պատասխանատու դերակատարների հետ, որոնք հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցմամբ ընդհանրապես»,- ասել է Պոլյանսկին։
Добавить комментарий