Հայաստանը շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին․ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օր օրի սրվում է։ Միևնույն ժամանակ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ԼՂ բնակիչները հայտնվում են Ադրբեջանի զինված ուժերի կրակահերթերի տակ, որպեսզի բերքահավաք իրականացնելու հնարավորություն չունենան։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստի ժամանակ։
«Ադրբեջանը մի կողմից արգելափակել է Հայաստանի կառավարության կողմից 100 տոննա ալյուրի մուտքը Լեռնային Ղարաբաղ, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ցանած հացահատիկը հավաքի ալյուր ունենալու համար։ Սա ևս մեկ փաստ է, որը հիմնավորում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող դրույթը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը սովամահության ենթարկելու միջոցով ցեղասպանության է ենթարկում, հետևաբար Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պետք է դիտարկել։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այս ընկալման վրա»,- նշել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմի շրջանակում։
«Հայաստանի Հանրապետությունը շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղությունը հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- ասել է Փաշինյանը։
Добавить комментарий