Չինաստանը կարևորում է Իրանի մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության առաջիկա հանդիպմանը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նորանշանակ արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Իրանի և Չինաստանի բարձրաստիճան դիվանագետները քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր։
Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է չինացի գործընկերոջը Չինաստանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունների դինամիկան համարել է շատ դրական։
Անդրադառնալով երկու երկրների նախագահների պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացին՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները։ Նա միևնույն ժամանակ Իրանին անվանել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կարևոր մասնակից և կարևորել Թեհրանի մասնակցությունը նախաձեռնության առաջիկա հանդիպմանը։
Չինաստանի ԱԳ նախարարը նաև գոհունակություն է հայտնել Ամիր Աբդոլլահիանի՝ Սաուդյան Արաբիա այցի և Թեհրանի ու Էր-Ռիադի միջև հարաբերությունների վերականգնման կապակցությամբ։
#Դետքի_հետագծով
Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետությունը և Չինաստանը դինամիկ կերպով զարգացնում են երկկողմ համագործակցությունը։ Այդ փոխգործակցության արդյունքում Իրանը վերջերս պաշտոնապես անդամակցեց Չինաստանի գլխավորած Շանհայի համագործակցության կազմակերպությանը, որը երկրին թույլ կտա զգալիորեն մեղմել արևմտյան պատժամիջոցների բեռը։
Добавить комментарий