Опубликовано H.Andreasyan -
Սա կարող է վկայել, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանից․ ԱԳ նախարար

Սա կարող է վկայել, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանից․ ԱԳ նախարար

Հայաստանը շահագրգռված է ցանկացած անաչառ, չեզոք միջնորդությամբ, և մենք բարձր ենք գնահատում բոլոր այն ջանքերը, որոնք արվում են՝ այս նկատառումներից ելնելով։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 22-ին Բելգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցին։

«Բազմաթիվ կարևոր հանդիպումներ են տեղի ունենում Բրյուսելում, ինքս իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ մի քանի անգամ հանդիպել եմ Վաշինգտոնում՝ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ։ Հանդիպումներ ենք ունենում նաև Մոսկվայում, այլուր։ Հանդիպումներ են լինում և՛ երկրների ղեկավարների, և՛ արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Բառացիորեն վերջերս այդպիսի հանդիպումների եմ մասնակցել և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում։ Տարբերություն չդնելով հարթակների միջև՝ մեզ համար էական է, որ հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններն աշխատեն և կյանքի կոչվեն»,- ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ մի քանի անգամ արդեն ականատես են եղել իրավիճակի, երբ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվում, բայց հետո «գետնի վրա» այդ պայմանավորվածությունը չեն տեսնում․ «Օրինակ՝ մինչ այժմ մենք չենք լսել Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հրապարակային խոսքերը, մինչդեռ այդպիսի խոսքեր լսել ենք փակ հանդիպումների ընթացքում։ Սա խիստ մտահոգիչ է, և կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանից»։

ԱԳ նախարարի խոսքով՝ ոչ միայն պայմանավորվածությունները չեն պահվում, այլև հակառակ գործընթացներին են ականատես լինում․ «Մինչ մենք խոսում ենք այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը պետք է լինի կարգավորման մաս, և առանց դրա իրատեսական չէ ակնկալել կայուն ու երկարատև խաղաղություն Հարավային Կովկասում, իրականության մեջ մենք տեսնում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով մի ամբողջ ժողովրդի, մի ամբողջ տարածաշրջանի պաշարում»։

Միրզոյանը հավելել է՝ Հայաստանը միջազգային բոլոր գործընկերներից և միջնորդներից ակնկալում է, որ նրանք հոգ տանեն այն մասին, որ իրենց միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։

 

 

Добавить комментарий