Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ:
Ներկայում ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր կայուն է:
Մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:
Հրդեհի հետևանքով նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Добавить комментарий