Իրանական կողմը ներկայացրել է «Մոհաջեր-10» տեսակի անօդաչու թռչող սարքը
Իրանում ներկայացվել է «Մոհաջեր-10» տեսակի անօդաչու թռչող սարքը, հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ նոր ԱԹՍ-ն ունի 7 կիլոմետր բարձրությամբ և 2 հազար կիլոմետր գործողության շառավղով 24 ժամ անընդմեջ թռչելու կարողություն։ Իրանական արտադրության նոր անօդաչուն ներկայացվել է Պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ։
Իրանական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ այս անօդաչու թռչող սարքի վառելիքի առավելագույն պաշարը 450 լիտր է, բեռի առավելագույն քաշը՝ 300 կիլոգրամ, առավելագույն արագությունը՝ ժամում 210 կիլոմետր։ «Մոհաջեր-10»-ը կարող է կրել տարբեր տեսակի զինամթերք և ռումբեր, ինչպես նաև համալրված է ռադիոէլեկտրոնային պայքարի և հետախուզության համակարգերով:
Արարողության ընթացքում գործարկվել է նաև «Արման-1» կառավարվող ավիացիոն ռումբը։ Միևնույն ժամանակ պաշտոնապես Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերին են հանձնվել ռազմավարական «Խորամշահր» և «Հաջ Քասեմ» հրթիռները։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում հատկապես երկրի ռազմարդյունաբերության զարգացմանը։ Սա պայմանավորված է այս հարցում արտաքին դերակատարներից ունեցած կախվածությունը վերացնելու նպատակով, քանի որ տարիներ շարունակ Իրանին սպառազինություն վաճառելու արգելքն Իսլամական Հանրապետության նկատմամբ օգտագործվել է որպես ճնշման միջոց։
Добавить комментарий