Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Թշնամիները չեն կարող միջամտել պաշտպանական արդյունաբերության զարգացմանը. Իրանի մեջլիսի նախագահ

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է՝ Իրանի թշնամիները պատժամիջոցներով, արդյունաբերական դիվերսիաներով, պաշտպանական արդյունաբերության ենթակառուցվածքների վրա ուղղակի հարձակումներով և լրտեսությամբ չեն կարող կանխել երկրի պաշտպանական արդյունաբերության զարգացումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ղալիբաֆը Պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ ելույթ է ունեցել երկրի մեջլիսի նիստի ընթացքում։ Նրա խոսքով՝ Իրանի պաշտպանական արդյունաբերության զարգացումը նպաստում է երկրի անվտանգության ամրապնդմանը և թշնամիների նկրտումների զսպմանը։

Իրանի մեջլիսի նախագահը հիշեցրել է, որ օրերս ներկայացվել է 7000 մետր բարձրության վրա և 2000 կմ հեռահարության նոր «Մոհաջեր-10» անօդաչու թռչող սարքը, որին մասնակցել է անձամբ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Նա միևնույն ժամանակ կարևորել է «Խորամշահր» և «Հաջ Քասեմ» ռազմավարական հրթիռների զանգվածային ընդգրկումն Իրանի զինված ուժերի կազմում։

Ղալիբաֆը հավելել է, որ Իրանը շարունակելու է զարգացնել իր պաշտպանական արդյունաբերությունը։

#Դետքի_հետագծով

Իրանական պաշտպանական արդյունաբերությունը վերջին տարիներին լուրջ հաջողություններ է ունենում, որն այս ուղղությամբ ձեռնարկված հստակ քայլերի արդյունքն է։ Մասնավորապես իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերը լուրջ հաջողություններ են արձանագրում տարբեր հարթակներում, ինչն անհանգստացնում է Իսլամական Հանրապետության թշնամիներին։ 





 

Добавить комментарий