Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ Իրանն արտադրում է իր ռազմական կարիքների 90%-ը

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման նախարարության ներկայացուցիչ Ռազա Թալայ-Նիկը հայտարարել է, որ Թեհրանն ինքնուրույն է արտադրում իր ռազմական կարիքների 90%-ը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ Իրանը ներկայումս գտնվում է համաշխարհային մակարդակով պաշտպանական արդյունաբերության տեխնոլոգիաներով առաջատար երկրների տասնյակում։ Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը երբեք որևէ հակամարտություն չի նախաձեռնել, սակայն երբեք ջանք չի խնայի իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար:

«Իրանը վերջին 45 տարիների ընթացքում կարողացել է ներկրող երկրից վերածվել մի պետության, որն ապահովում է իր ռազմական կարիքների մոտ 90%-ը»,- ասել է նա։

Ռազա Թալայ-Նիկը հավելել է, որ Իսլամական Հանրապետությունն ինքնաբավ է պաշտպանական տեխնիկայի արտադրության մեջ։ Ըստ նրա` Իրանը կարող է արտադրել ամենաառաջադեմ հրթիռային համակարգեր, ռադարներ և անօդաչու թռչող սարքեր։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում հատկապես երկրի ռազմարդյունաբերության զարգացմանը։ Սա պայմանավորված է այս հարցում արտաքին դերակատարներից ունեցած կախվածությունը վերացնելու նպատակով, քանի որ հատկապես Իսլամական հեղափոխությունից հետո տարիներ շարունակ սպառազինություն վաճառելու արգելքը Թեհրանի նկատմամբ օգտագործվել է որպես ճնշման միջոց։  

Добавить комментарий