Սաուդյան Արաբիան հույս ունի նոր փուլ բացել Իրանի հետ հարաբերություններում
Սաուդյան Արաբիայի նախարարների կաբինետը (կառավարություն - խմբ.) հույս ունի Իրանի հետ հարաբերություններում նոր փուլ բացել դիվանագիտականհարաբերությունների 7-ամյա ընդմիջումից հետո: Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին կաբինետը հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ անցյալ շաբաթ Էր Ռիադ կատարած այցից հետո։
Հաղորդվում է, որ սաուդական կողմը նշանավորում է Իրանի հետ հարաբերություններում նոր փուլի սկիզբը՝ հիմնված երկու երկրների ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա։
Նշենք, որ Իրանի արտգործնախարարը վերոհիշյալ այցի ընթացքում հանդիպել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհանի և թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ։ Սա համարվում է իրանցի պաշտոնյայի առաջին հանդիպումը Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ երկու երկրների հարաբերությունների կարգավորումից հետո։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերականգնել դիվանագիտականհարաբերությունները, իսկ ավելի ուշ վերաբացել են իրենց դեսպանատները։
#Դետքի_հետագծով
Չինաստանի միջնորդությամբ դեռևս այս տարվա մարտին Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնության եկան երկկողմ հարաբերությունները կարգավորելու հարցում, որոնք խզված էին դեռևս 2016 թվականից։ Միջնորդական նման ջանքերով Պեկինը նախևառաջ հակակշռում է տարածաշրջանում Միացյալ Նահանգների ազդեցությունը, որը փորձում էր ամեն կերպ թույլ չտալ Թեհրանի և Էր Ռիադի հարաբերությունների կարգավորումը։
Добавить комментарий