Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Վրաստանում մեկնարկել են «Ճկուն ոգի-2023» (Agile Spirit-2023) բազմազգ զորավարժությունները՝ օդադեսանտային ուժերի մասնակցությամբ։ Այս մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Վրաստանը 11-րդ անգամ է ընդունում «Ճկուն ոգի-2023» զորավարժությունները: Վարժանքների առաջին ցուցադրական բաղադրիչը տեղի է ունեցել Վազիանիի ռազմական օդանավակայանի տարածքում»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։
ԱՄՆ եվրոպական հրամանատարության 173-րդ դեսանտային բրիգադի անձնակազմը վայրէջք է կատարել օդանավակայանի տարածքում։ Պաշտպանության նախարարությունում հավելել են, որ ԱՄՆ զինվորականները դեսանտավորվել են ամերիկյան «C-17» բազմանպատակային ռազմափոխադրական ինքնաթիռից։
Զորախաղերի մասնակիցներին են դիմել և հաջողություններ մաղթել Վրաստանի պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-մայոր Գեորգի Մատիաշվիլին, ինչպես նաև հանրապետության պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժություններին մասնակցում է 21 երկրից ժամանած ավելի քան 3000 զինվորական։
Добавить комментарий