Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է չեզոքության սկզբունքը` ներգրավվելով քաղաքական գործընթացում․ Հայկական Կարմիր խաչ

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է չեզոքության սկզբունքը` ներգրավվելով քաղաքական գործընթացում․ հայկական Կարմիր խաչ

Ադրբեջանը, օգտագործելով Կարմիր մահիկի ընկերությունը, փորձում է խոչընդոտել ԿԽՄԿ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտարարություն է տարածել հայկական Կարմիր խաչի ընկերությունը:

«Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները, նախ և առաջ չեզոքության սկզբունքը, և ներգրավվում է քաղաքական գործընթացում՝ բարձրաձայնելով իր կառավարության դիրքորոշումը, այն է՝ փակ պահել Լաչինի միջանցքը (այդ թվում՝ այսպես կոչված այլընտրանքային ուղիներ առաջարկելու միջոցով)։

Ադրբեջանի Կարմիր մահիկին քաղաքական գործընթացներում ներքաշումը հակասում է Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներին՝ վերջինս չունի քաղաքական հայտարարություններ անելու և քաղաքական օրակարգին ծառայելու մանդատ։

Սա կոպիտ խախտում է և համահունչ չէ Շարժման սկզբունքներին և արժեքներին, ինչպես նաև մարդասիրական օրակագին։

Ներկա պահին Ադրբեջանը, նաև օգտագործելով Կարմիր մահիկի ընկերությունը, փորձում է խոչընդոտել ԿԽՄԿ՝ որպես միակ մարդասիրական միջազգային կազմակերպության գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ Դրա վառ վկայությունն է Վագիֆ Խաչատրյանի առևանգումը անցակետում ԿԽՄԿ ուղեկցությամբ Հայաստան՝ վիրահատության նպատակով տեղափոխվելու ճանապարհին։ Վերջինս առևանգվեց, երբ գտնվում էր միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո։ 

2023 թվականի հուլիսի 26-ից Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռը կանգնած է Հակարիի կամրջի մոտ։ Ադրբեջանի Կարմիր մահիկը կարող էր օգտագործել իր «մարդասիրական ներուժը»՝ համոզելու Լաչինի միջանցքը փակած և մարդասիրական աղետ առաջացրած կողմին բացելու այն՝ հարգելով մարդասիրական սկզբունքները։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հուլիսի 25-ի հայտարարությամբ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար իրավիճակի վրա, ինչը ներկայացվել է նաև Անվտանգության խորհրդում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ներկայացուցչի կողմից:

Այսպիսով՝ ավելի քան հրատապ է դառնում  ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների անհապաղ իրականացումը։

Մենք կոչ ենք անում Կարմիր խաչի միջազգային շարժման բաղկացուցիչներին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը, անշեղորեն հետևել և հավատարիմ մնալ Շարժման սկզբունքներին՝ տանելու իրենց մանդատների շրջանակներում փոխլրացնող դերը՝ ի նպաստ մարդասիրական առաքելության արդյունավետ իրականացման»,- նշված է հայտարարության մեջ:

Добавить комментарий