Իսրայելական ուժերը հրթիռակոծել են Հալեպի օդանավակայանը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարությանը։
Հաղորդվում է, որ հարվածի հետևանքով օդանավակայանը շարքից դուրս է եկել։
«Իսրայելցի հակառակորդը Սիրիայի դեմ նոր ագրեսիվ գործողություն է իրականացրել և ժամը 04։30-ին հրթիռային հարված հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին։ Արդյունքում վնասվել է թռիչքուղին, և նյութական վնաս է պատճառվել»,- ասվում է հայտարարության մեջ։
Սիրիայի պաշտպանության գերատեսչությունը հայտնել է, որ հարվածը հասցվել է Միջերկրական ծովի կողմից։
Ըստ պաշտոնական Դամասկոսի՝ սա այս տարվա սկզբից ի վեր Իսրայելի 22-րդ հարվածն է սիրիական տարածքին։
#Դետքի_հետագծով
Իսրայելի իշխանությունները, օգտվելով Սիրիայում տիրող իրավիճակից, պարբերաբար հարվածներ են հասցնում երկրի տարածքին։ Պաշտոնական Դամասկոսը դատապարտում է նման հարձակումները՝ դրանք որակելով որպես իր ինքնիշխանության խախտում։
Добавить комментарий