Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին հունվարի 27-ին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված հարձակման հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը։
Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը խստորեն դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված զինված հարձակումը, ինչպես նաև իրանական կողմի ուշադրությունը հրավիրել դիվանագիտական ներկայացուցչությունների նկատմամբ նման հարձակումների անընդունելիության վրա։
Ադրբեջանի ԱԳՆ-ում Իրանի պատկան մարմիններից պահանջել են հնարավորինս արագ պատասխանատվության ենթարկել ահաբեկչություն կատարած անձին, անցկացնել մանրակրկիտ հետաքննություն, բացահայտել և պատժել ահաբեկչության իրականացմանը մասնակցած մյուս անձանց։ Բացի դրանից՝ նշվել է, որ վերջին շրջանում Իրանում ծրագրված հակաադրբեջանական արշավ է իրականացվել, և տեղի ունեցածն էլ ավելի է սրել առանց այն էլ բարդ հարաբերությունները։
Սեյյեդ Աբբաս Մուսավին նույնպես խստորեն դատապարտել է Ադրբեջանի դեսպանատան դեմ տեղի ունեցած զինված հարձակումը։ Նա նշել է, որ խորապես վշտացած է տեղի ունեցածի կապակցությամբ և իր խորին ցավակցությունն է հայտնել դեսպանատան աշխատակցի ընտանիքին, Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին։
Դեսպանը նաև ընդգծել է, որ Իրանի պատկան մարմիններն անմիջապես արձագանքել են միջադեպին։ Նա հավելել է, որ ներկայումս իրավապահները հետաքննություն են իրականացնում, որի մանրամասները կհրապարակվեն ավարտից հետո։
Добавить комментарий