
Ռուս խաղաղապահներն առաջարկել են հնարավորություն տալ ադրբեջանական բեռնատարներին մտնել Արցախ. Արցախի ԱԺ նախագահ
Երեկ, երբ ադրբեջանական բեռնատարները մոտեցել են, որոշակի բանակցություններ են տեղի ունեցել ռուս խաղաղապահների հետ: Այս մասին ասել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Ռուս խաղաղապահների հրամանատարի փոխարինողը նոր է ժամանել Արցախ և դեռևս քաջածանոթ չէ ներքին կացությանը: Կան որոշ դրվագներ, տարրեր, որ անհրաժեշտ է, որ ռուսական կողմն ավելի մանրամասն տեղեկացված լինի, բայց նրանք, որոնք այստեղ են, զորակազմի համապատասխան պատասխանատուներն ու պաշտոնյաները, վստահ եմ՝ շատ լավ տեղեկացված են մեր և ադրբեջանական կողմի մոտեցումներին»,- ասել է Իշխանյանը:
Նրա խոսքով՝ այս քննարկումները դեռևս որևէ արդյունք չեն տվել։ Համենայնդեպս, ռուս խաղաղապահների առաջարկը, որ հնարավորություն տրվի մեքենաների մուտքն Արցախի Հանրապետության տարածք, որևէ արդյունք չի տվել: Արցախի իշխանությունների, համապատասխան կառույցների կողմից միջոցներ են ձեռնարկվել, և այդ քննարկումները դեռևս ընթացքի մեջ են: Դրանք ավարտված չեն, այստեղ շատ կարևոր են Արցախի ընդհանուր դիրքորոշումը և ռուսական կողմի համապատասխան բացատրություններ տալը:
«Ռուսական կողմը ևս պետք է տեղեկացված լինի այն ընդհանուր իրավիճակին, որն առկա է, և այն տեսակետներին, որ ունի արցախյան կողմը։ Ուզում եմ հույս հայտնել, որ այդ բանակցությունները փոխըմբռնման մթնոլորտում էլ ակավարտվեն և կունենան իրենց տրամաբանական ավարտը: Մեր սպասելիքները պետք է որ արդարանան»,- նշել է Արցախի ԱԺ նախագահը:
Добавить комментарий