
Մենք եկել ենք այստեղ՝ արտահայտելու մեր աջակցությունը․ Փարիզի քաղաքապետ
Մենք եկել ենք այստեղ՝ արտահայտելու համար մեր աջակցությունը, մեր համերաշխությունը, մեր բարեկամությունը: Այս մասին Արցախի նախագահի հետ առցանց ռեժիմով անցկացված համատեղ ասուլիսին ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայից ուղարկված 10 բեռնատարով շարասյունն ուղեկցել է Կոռնիձորի սահմանային հատված:
Նա նշել է, որ պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների, քաղաքական ամենատարբեր հայացքների մարդկանց, որոնց «միավորում են Հայաստանը և Արցախը»:
«Այստեղ ենք մենք այսօր, որովհետև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդն ապրիլի 24-ին դիմեց մեզ և ասաց, որ պետք է գործել, ժամանակն է գործելու, ժամանակն է դիմելու Ֆրանսիայի ժողովրդին: Եվ հատկապես Ֆրանսիայի տեղական իշխանությունները պետք է միավորվեն ու կարողանան մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին»,- ասել է Փարիզի քաղաքապետը։
Նա ներկայացրել է, թե ինչով են բեռնված Կոռնիձոր հասած բեռնատարները. «Մենք կարողացանք 10 բեռնատար ուղարկել, որոնք պարունակում են հիմնականում չփչացող սննդամթերք, մանկական կեր, կաթի փոշի, բայց նաև գեներատորներ, արևային պանելներ, այսինքն՝ այն ամենը, ինչը հնարավորություն կտա ձեզ դիմադրելու»:
Добавить комментарий