
Ֆրանսիան պետք է օգտագործի ԱԽ-ում իր դիրքը Արցախի ժողովրդի իրավունքների գծով բանաձև ընդունելու համար․ Փարիզի քաղաքապետ
Մենք նախևառաջ կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը։ Արցախի նախագահի հետ առցանց ռեժիմով անցկացված համատեղ ասուլիսին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
Նա նշել է, որ Արցախի բնակչությունը շրջափակման մեջ է՝ անկախ իր կամքից, և այս ամենն իրականացվում է՝ խախտելով միջազգային իրավունքն ու 2020 թվականի հրադադարի հայտարարությունը․ «Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, նման է ցեղասպանության: Այն, ինչ տեղի է ունենում այսօր, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը որակել է որպես ցեղասպանություն, և ցեղասպանություն որակող սկզբունքներից, կետերից 4-ը ճանաչված են միջազգային հանրության ու փորձագետների կողմից»:
Քաղաքապետը նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականը, որը պատասխանատու է ցեղասպանության կանխարգելման համար, ևս նույն բառն է օգտագործում այսօր տեղի ունեցողը որակելու համար՝ ավտորիտար ռեժիմի կողմից ցեղասպանություն, էթնիկ զտում մի ժողովրդի նկատմամբ, որը պարզապես իր իրավունքներն է պահանջում, այն իրավունքները, որն ունի ցանկացած մարդ, ցանկացած ժողովուրդ․ «Այս իրավիճակն է, որ մենք եկել ենք այստեղ վկայելու և դատապարտելու, և մենք նաև դիմում ենք Ֆրանսիայի նախագահին, որ նա օգտագործի այն դիրքը, որն ունի, որ գրավում է Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ ժողովրդի իրավունքները հարգելու նպատակով բանաձև ընդունելու համար»:
Добавить комментарий