Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Դամասկոս
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այցով ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոս։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Դամասկոսում Աբդոլլահիանը հանդիպումներ կունենա ինչպես նախագահ Ասադի, այնպես էլ Սիրիայի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
Իրանի գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ այցի նպատակն է երկկողմ կապերի առավել ամրապնդումը և տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ դիրքորոշումների համակարգումը: «Ես կայցելեմ Դամասկոս տարածաշրջանային հարևանության քաղաքականության ամրապնդման և երկու երկրների նախագահների պայմանավորվածությունների իրագործումն արագացնելու նպատակով»,- X-ի իր միկրոբլոգում գրել էր նա։
Աբդոլլահիանը միևնույն ժամանակ վերահաստատել է, որ Իրանը կողմնակից է կայունության և խաղաղության հաստատմանը, ինչպես նաև աջակցում է Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանմանը։
#Դետքի_հետագծով
Սիրիական հակամարտության ողջ ընթացում Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Ռուսաստանն աջակցել են Բաշար ալ-Ասադի վարչակարգին, և հենց այս աջակցության շնորհիվ վերջինիս հաջողվել է պահպանել իր իշխանությունը։ Ներկայումս Իրանն ու ՌԴ-ն աջակցում են Սիրիայի վերականգնմանը, ինչպես նաև ձգտում են հասնել երկրի տարածքից բոլոր օտարերկրյա ուժերի դուրսբերմանը։
Добавить комментарий