Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետևանք է․ Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Զախարովային հարցրել են, թե ինչ է պատրաստվում անել Ռուսաստանը Լաչինից ապօրինի կերպով առևանգված երեք երիտասարդների վերաբերյալ, որոնք Արցախից ՀՀ էին տեղափոխվում ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Նա հիշեցրել է, որ ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը տեղի է ունեցել եվրոպական երկրների միջնորդությամբ, երկու երկրների ղեկավարների հանդիպումների ընթացքում՝ 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին։
Ռուս պաշտոնյան միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո խաղաղապահների գործառույթները փոխվել են։
«Այդ համատեքստում ՌԴ խաղաղապահների վրա պատասխանատվություն դնելը համարում ենք անտեղի, սխալ և անարդարացի։ Իսկ խաղաղապահների առաքելությունը նոր պայմաններում, որ, կրկնեմ, ստեղծվել են Երևանի կողմից Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, տեղում Ղարաբաղի հայերի իրավունքներին և անվտանգությանն աջակցելն է, այդ թվում՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության կոնտեքստում»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Իսկապես Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը։ Չնայած սա որոշակիորեն օրինականացնում է Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը, սակայն ռուս խաղաղապահները դեռևս գտնվում են Արցախում և պարտավոր են կատարել իրենց գործառույթները, որոնք սահմանված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
Добавить комментарий