Իրանի նախագահը հայտնել է, որ արտասահմանում այլևս սառեցված իրանական ակտիվներ չեն մնացել
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ արտասահմանյան որևէ երկրում այլևս սառեցված իրանական ակտիվներ չեն մնացել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Ռայիսին հայտնել է, որ միակ երկիրը, որտեղ արգելափակվել են Իրանի փողերը, Հարավային Կորեան է: Նրա խոսքով՝ մնացած բոլոր արտասահմանյան ակտիվները գտնվում են Իրանի Կենտրոնական բանկի տրամադրության տակ։
Իրանի նախագահի համոզմամբ՝ երկրին մեկուսացնելու փորձերը ձախողվել են։
«Թշնամին փորձեց հետևել երկու ռազմավարության՝ մեկուսացնել Իրանին աշխարհից և հիասթափեցնել երկրի ներսում գտնվող մարդկանց, բայց ո՛չ մեկում, ո՛չ մյուսում հաջողության չհասավ: Դա պայմանավորված է նրանով, որ մեր արտաքին քաղաքականության մեջ մենք միաժամանակ հետևում ենք բազմաթիվ օրակարգերի, որոնցից մեկը Համատեղ և համապարփակ գործողությունների ծրագիրն է»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների արդյունքում վերջերս պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ կապված իրանական արգելափակված ակտիվների ապասառեցման հետ։ Այս միջոցները կարևոր նշանակություն ունեն Իրանի համար, որոնք երկիրը կարող է օգտագործել առկա տնտեսական խնդիրները լուծելու նպատակով։
Добавить комментарий