Опубликовано H.Andreasyan -
Ադրբեջանի հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղի տարածքը ազատել հայերից․ Փաշինյան

Ադրբեջանի հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղի տարածքն ազատել հայերից․ Փաշինյան

Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում, Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով 22 բեռնատարներին երեկ ավելացան ևս տասը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ի Կառավարության նիստին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի մի շարք ռեգիոնների կողմից ուղարկված շարասյունն ուղեկցել է մինչև Կոռնիձոր, այսուհանդերձ ոչ այս, ոչ էլ հուլիսի 26-ից նույն հատվածում կանգնած շարասյանը հնարավորություն չի տրվել մուտք գործելու ԼՂ»,- ասել է նա:

Ըստ Փաշինյանի՝ սա նշանակում է, որ Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ-ի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը, որի հիմնական նպատակն է ԼՂ տարածքը հայերից ազատելը։

Նա հիշեցրել է նախկինում իր ներկայացրած՝ Ադրբեջանի հրեշավոր ծրագրի սցենարներից մեկը. «Ադրբեջանը ծրագրում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում կամ գուցե ավելի սուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝ ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը»:

Փաշինյանը նշել է՝ ցեղասպանության և հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում 21-րդ դարում միջազգային հանրության աչքի առաջ:

«Ինչպես նախկինում ասել եմ, ստեղծված իրավիճակից ելքը տեսնում եմ միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով: Միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ է: Հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության այդ հնարավորությունը»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելուն ուղղված ջանքերը պետք է շարունակել. «Այդ ուշադրության առանցքում պետք է լինեն Արդարադատության միջազգային դատարանի որոշումները: Այդ որոշումներով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Ուշադրություն եմ հրավիրում դատարանի այս ձևակերպման վրա՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է ներկայացնում Ադրբեջանի համար: Այս որոշման բացահայտ արհամարհումն Ադրբեջանի կողմից այդ երկրի հայրենազրկման քաղաքականության բացահայտ դրսևորում է, որովհետև նման քաղաքականություն իրականացնողների գործելակերպի առանձնահատկություն է իրավական ուժ ունեցող որոշումների արհամարհումը: Եվ մենք պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև հատկապես հիմա դա բացարձակ անհրաժեշտություն է: Իհարկե, բոլոր առումներով առաջնահերթություն և առաջնային խնդիր մնում է ԼՂ հրատապ, րոպե առաջ հումանիտար բեռներ հասցնելը և նրանց մուտքի հնարավորության ապահովումը»:

Добавить комментарий