
Ադրբեջանի նպատակը Հայաստանի և Արցախի շուրջ օղակը սեղմելն է. Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձել է Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ հարձակմանն ու տեղի ունեցող գործընթացներին։
Օհանյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության նկատմամբ ճնշումները, պարտադրանքի մեթոդով խոսելը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից շարունակական են։ «Ակնհայտ է, որ իշխանությունները, որոնք պարտվել են, գտնվում են ճնշման ներքո։ Եվ որքան էլ իրենք ջանքեր թափեն, փորձեն ներկայացնել մեր հանրությանը, որ իրենց խաղաղության օրակարգով են գործում, միանշանակ հասկանալի է, որ այդպես չէ։
2020 թվականից եւ Արցախում, եւ ՀՀ սահմաններին այս պարտադրանքի մեթոդով խոսելն ու ագրեսիա կազմակերպելը հետո ադրբեջանցիների համար գործելաոճ է դարձել։ Եվ իրենք շարունակելու են սա, մինչեւ չհասնեն իրենց նպատակին։ Իսկ իրենց նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ օղակը սեղմելն է, իրենց նպատակը Արցախը հայաթափելն է։ Ինչ վերաբերում է Հայաստանի հարցին, թող հայ ժողովուրդը չիմանա, որ սա միայն Արցախի հարցն է, սա հայկական հարց է։ Իրենք շարունակելու են ճնշումները՝ առաջին հերթին Սյունիքի հատվածում միջանցք ստանալու համար»,- ասել է Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ այսօր Սյունիքի հատվածում այսօր համեմատաբար իրավիճակը հանգիստ է, քանի որ այնտեղ ունենք հարեւան՝ ի դեմս Իրանի, որը թույլ չի տալիս, որպեսզի Սյունիքում մեծ բախումներ լինեն։ «Չնայած դրան, այսօր էլ մենք տեղեկություններ ունենք, որ նույն Կապանի օդանավակայանի մոտ կրակոցներ են եղել։ Որքան մենք թույլ լինենք, Ադրբեջանը շարունակելու է մեզ վրա ճնշումներ գործադրել։ Երբ մենք հզորանանք, երբ տեսնեն մեր կարողությունները, նրանք արդեն զգուշավոր կլինեն մեր նկատմամբ գործողություններ իրականացնելիս։ Իսկ մեր հզորանալու միակ հեղինակը մենք ենք, հայ ժողովուրդն է, որ պետք է մտածի իր ինքնության պահպանման, իր պաշտպանության, սահմանների ամրապնդման մասին։ Իհարկե, արտաքին քաղաքականությունը, հարցը միջազգային հարթակներում բարձրացնելը, խելացի բանակցությունները եւս երաշխիք են, բայց առաջին երաշխիքը մեր անվտանգային համակարգի վերականգնումն է»,- հավելեց նա։
Добавить комментарий