Опубликовано D.Guyumjyan -
դետք

Թեհրանը և Դամասկոսը քննարկել են Սիրիայի տարածքից թուրքական զորքերի դուրսբերման հարցը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Դամասկոսում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ասադն ու Աբդոլլահիանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում և սիրիացի փախստականների` հայրենիք վերադարձի հետ կապված ջանքերը: Կողմերը բարձրաձայնել են Սիրիայի տարածքից թուրքական զորքերի դուրսբերման հարցը։

Ասադը շեշտել է, որ թուրքական զորքերի դուրսբերումը պարտադիր պայման է Դամասկոսի և Անկարայի միջև բնականոն հարաբերությունները վերադարձնելու համար։ Նա նաև նշել է, որ Իրանի և արաբական երկրների միջև առողջ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը։


Իրանի արտգործնախարարն իր հերթին անհրաժեշտ է համարում հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ամրապնդել երկկողմ հարաբերությունները։ Աբդոլլահիանն ասել է, որ Սիրիայի կառավարությունը, ազգն ու բանակը հաղթանակած դուրս են եկել իրենց դեմ համաշխարհային ահաբեկչական պատերազմից, և այժմ Սիրիան ավելի լավ վիճակում է։

«Եվ մենք ուրախ ենք, որ այսօր տարածաշրջանը և աշխարհը գիտակցում են Սիրիայի իրական հզորությունը»,- եզրափակել է նա։


#Դետքի_հետագծով

Սիրիական հակամարտության ընթացքում թուրքական զորքերն ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ ներխուժել են Սիրիա և գրավել երկրի տարածքի մի մասը։ Ներկայումս Ասադի վարչակազմը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում պահանջում է, որ թուրքական զինված ուժերը լքեն Սիրիայի տարածքը, ինչը Թուրքիան չի շտապում կատարել։ 

Добавить комментарий