Արցախի Հանրապետությունը 32 տարեկան է

Արցախի Հանրապետությունը 32 տարեկան է

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

1991 թ. սեպտեմբերի 2-ին՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա, ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ): Հռչակագրում, մասնավորապես, նշվում էր, որ այն արտահայտում է «ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991 թթ. որոշումներում, նրա ձգտումը դեպի ազատություն, անկախություն, իրավահավասարություն և բարիդրացիություն»:

Ի պատասխան՝ Ադրբեջանը 1991 թ. նոյեմբերի 26-ին ընդունում է «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին» օրենքը, որտեղ 1923 թ. ինքնավարության ստեղծումը բնորոշվում է որպես «ադրբեջանական ժողովրդի ազգային շահերին հակասող գործոն»:

Սակայն նոյեմբերի 28-ին նշված որոշումը ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի կողմից ճանաչվեց որպես ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող: Համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության՝ Լեռնային Ղարաբաղը դասվում էր ինքնավարությունների շարքին, որոնք ԽՍՀՄ սահմանադրական իրավունքը դիտարկում էր որպես ինքնորոշման իրավունքի դրսևորում, և որոնց վերապահվում էր ինքնորոշվելու իրավունք: Քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնավարությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դրսևորում էր, ապա ինչպես նրա լուծարումը, այնպես էլ փոխակերպումը (կարգավիճակի փոփոխությունը) հնարավոր են միայն ժողովրդի կամարտահայտման միջոցով:

1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցավ հանրաքվե: Քվեաթերթիկում դրված էր հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»: Ընտրական ձայնի իրավունք ունեցող 132.328 հոգուց քվեարկությանը մասնակցեցին 108.736-ը (82.2%), 108.615 մարդ (քվեարկողների 99.89%-ը) «կողմ» քվեարկեց անկախությանը:

1992 թ. հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունեց ԼՂՀ պետական անկախության հռչակագիրը՝ դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ ավելի վաղ ընդունված այն իրավական ակտերը, որոնցով իրականացվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքն ինքնուրույն որոշելու քաղաքական կարգավիճակը:

1992 թ. հունվարի 8-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նստաշրջանն ընտրեց հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավարին՝ Արթուր Մկրտչյանին։ Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվեց Օլեգ Եսայանը։

Добавить комментарий

From the author