Ապաշրջափակումը հնարավոր կամ կիրառական կլինի միայն խաղաղության ֆոնին․ փոխվարչապետ

Ապաշրջափակումը հնարավոր կամ կիրառական կլինի միայն խաղաղության ֆոնին․ փոխվարչապետ

Մենք չունենք պայմանավորվածություն հաջորդ հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ գործող` տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքին:

«Ընթացքում, բնականաբար, աշխատանքային շփումների մակարդակով ինչ-որ հարցեր քննարկվում են, բայց որևէ պայանավորվածություն հաջորդ հանդիպման վերաբերյալ այս պահին չկա»,- ասել է Գրիգորյանը։

Լրագրողի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների պասիվացումը, փոխվարչապետը պատասխանել է, որ որքան էլ ապաշրջափակման հարցն առանձին դիտարկվի, այնուամենայնիվ, ընդհանուր ֆոնը պետք է նպաստավոր լինի, որովհետև ինչ ապաշրջափակման մասին կարող է խոսք լինել, եթե չլինեն կայունություն և խաղաղություն․ «Ի վերջո ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց, և ապաշրջափակումը հնարավոր կլինի կամ կիրառական կլինի խաղաղության ֆոնին։ Եվ այդ իմաստով, բնականաբար, որոշակի փոխկապակցվածություն աշխատանքների ակտիվացման և պասիվացման մասով կա»։

Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքների և կապերի մասով փոխադարձ ընկալմանը, Մհեր Գրիգորյանը նշել է, որ կարծես թե այդ հարցով կողմերի միջև համաձայնություն կա, սակայն դրա շահագործման հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս պետք է վերջնական համաձայնեցվեն։

«Երասխից Հորադիզ երկաթգծի ենթակառուցվածք ունենալը, կարծում եմ, շատ լավ լուծում է Հայաստանի համար և ընդհանրապես տարածաշրջանի համար։ Դա կընդգծի և կավելացնի Հայաստանի լոգիստիկ դերը տարածաշրջանում։ Բայց դրա հետ մեկտեղ կան հարակից հարցեր, որոնք դեռևս վերջնական լուծում և պայմանավորվածություն են ենթադրում»,- ասել է Գրիգորյանը։

Добавить комментарий