Հայաստանի տարածքում զորավարժություններ անցկացնելը ՀՀ-ի սուվերեն որոշումն է․ Խանդանյան

Հայաստանի տարածքում զորավարժություններ անցկացնելը ՀՀ-ի սուվերեն որոշումն է․ Խանդանյան

Ես չեմ ցանկանում հայ-ռուսական հարաբերությունները բնութագրել որպես լարված, այլ փաստերն եմ արձանագրում, և այդ փաստերն արձանագրվել են ոչ միայն այսօր, այլև երեկ և նախորդ ամիսներին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Արցախում Ռուսաստանի անգործությունն է հարաբերությունների լարվածության պատճառը:

Անդրադառնալով նրան, որ Ռուսաստանը մտահոգիչ է անվանել Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը, Խանդանյանն ասել է. «Դա Հայաստանի սուվերեն որոշումն է։ Ես հասկանում եմ, որ տարբեր կողմեր կարող են անհանգստություններ ունենալ, դժգոհություններ հայտնել, բայց սա Հայաստանի սուվերեն որոշումն է: Նաև դուք գիտեք, որ սրանք խաղաղապահ ծառայություններում հայ-ամերիկյան փոխգործակցությունը բարելավելուն ուղղված զորավարժություններ են, որոնք պետք է տեղի ունենան հաջորդ շաբաթ: Սա արդյունք է հայ-ամերիկյան խորացող հարաբերությունների»:

Հարցին, թե զորավարժություններ անցկացնելու որոշումից առաջ եղե՞լ են քննարկումներ ռուսական կողմի հետ, Խանդանյանը պատասխանել է. «Չունեմ տեղեկություն, գուցե եղել են»:

Նա նաև նշել է, որ Հայաստանը, ՀԱՊԿ անդամ լինելով, որևէ կերպ չի կորցնում իր սուվերենությունը՝ հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ի գործելաոճը Հայաստանում և Հայաստանի նկատմամբ։

Добавить комментарий