
Այդ գործընթացը կարելի է ձախողված համարել․ Աբրահամյանը՝ Ակնայով օգնություն անցկացնելու մասին
Ռուսական կողմից ներկայացված վերջին տարբերակը եղած տարբերակներից եղել է ամենակոմպրոմիսայինը: Այս մասին ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին՝ լրագրողների հետ զրույցում։
Նա նշել է, որ դա ոչ թե ենթադրում էր ադրբեջանական Կարմիր մահիկի, ադրբեջանական հումանիտար բեռի, այլ ռուսական Կարմիր խաչի միջոցով Ակնայի ուղղությամբ մեկ սիմվոլիկ բեռնատարի մուտք, դրանից հետո՝ Լաչինի միջանցքի երթևեկության վերականգնում:
«Երթևեկության վերականգնումն այս փուլում չէր ենթադրում երկկողմանի ազատ տեղաշարժի իրականացում, ինչն ունեցել ենք մինչև ապրիլի 23-ը, երբ ադրբեջանական անցակետ տեղադրված չէր, այլ վերաբերում էր ռուսական խաղաղապահների կողմից Գորիսից Ստեփանակերտ բեռների տեղափոխությանը:
Առաջարկը ներկայացվել է որպես նաև Ադրբեջանի կողմից համաձայնեցված տարբերակ: Բայց ավելի ուշ Ադրբեջանը փաստացի անհամաձայնություն է հայտնել այդ առաջարկի վերաբերյալ, ներկայացրել նոր պահանջներ․ այն է՝ միայն Աղդամի ճանապարհի բացում և ռուսական ուղեբեռից բացի՝ նաև ադրբեջանական Կարմիր մահիկի բեռնատարների մուտք դեպի Արցախի Հանրապետության տարածք: Սա բնականաբար ընդունելի չի եղել Արցախի իշխանությունների կողմից, այդ մասին տեղեկացվել է ռուսական կողմը։ Այս փուլում կարելի է այդ գործընթացը ձախողված համարել»,- նշել է Աբրահամյանը։
Պատգամավոր դժվարացել է ասել, թե արդյոք այդ առաջարկի հետ կապված նոր զարգացումներ կլինեն, թե ոչ․ «Արցախի իշխանությունները որոշ հարցերի շուրջ պատրաստ են բանակցելու, բայց կան կոնկրետ սկզբունքներ, որոնք որևէ պայմանում չեն խախտվելու»:
Խոսելով պատճառներից՝ Աբրահամյանը չի չբացառել, որ սրանում կա նաև աշխարհաքաղաքական որոշակի ազդեցություն․ «Սա եղել է ռուսական առաջարկը: Չի բացառվում, որ Թուրքիան կամ այլ դերակատարներ Թուրքիայի միջոցով փորձել են տապալել այդ գործընթացն Արցախում՝ հաշվի առնելով, որ կան տարբեր առաջարկներ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից ևս»:
Աբրահամյանի խոսքով՝ երկրորդ հանգամանքն այն է, որ, իր տպավորությամբ, Ադրբեջանը փորձում է տապալել այս գործընթացը՝ դրանով հիմքեր նախապատրաստելով Արցախի, զուգահեռ նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի համար։
«Իհարկե, Ադրբեջանին չհաջողվեց ցույց տալ, թե այս իրավիճակում բանակցային գործընթացը տապալողն Արցախի իշխանություններն են: Բոլոր դերակատարների համար հստակ է, նաև եղան հայտարարություններ, որ իրականության մեջ Ադրբեջանն է հետ կանգնել նախապես պայմանավորված այդ առաջարկից և հետագայում ստեղծել է պայմաններ, որոնց Արցախի իշխանությունները չէին կարող իրենց համաձայնությունը տալ»,- ասել է պատգամավորը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին Արցախից հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել էին թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը: Միաժամանակ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։ Սակայն որոշ ժամանակ անց լուրեր տարածվեցին, որ ռուսական առաջարկի իրականացումը տապալվել է Ադրբեջանի դիրքորոշումների պատճառով։
Добавить комментарий