Ցանկացած միջանցք, որը մեր օրենսդրությամբ չէ, մեզ համար կարմիր գիծ է. Փաշինյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանից մեկնաբանություն խնդրեց Թուրքիայի տրանսպորտի եւ կապի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ արած հայտարարությունների վերաբերյալ, գրում է News.am-ը:
Նա հիշեցրեց, որ թուրք նախարարը Թյուրքական պետությունների կազմակերպության Ստամբուլում ընթացող Մուլտիմոդալ տրանսպորտի եւ լոգիստիկայի ֆորումում հայտարարել է. «Մեր տարածաշրջանի համար մեկ այլ լավ լուրն այն է, որ Զանգեզուրի կապուղու միջոցով նոր հնարավորություններ ի հայտ եկան եւ այս կապուղին Կովկասում կարգավորման համար կենսական կարեւորություն ունի: Հավատում ենք, որ այս կապուղու կյանքի կոչումը, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ուղղակի երկաթուղային եւ ցամաքային հաղորդակցություն է ապահովելու, ողջ թուրքական աշխարհին միմյանց կապելու կարեւոր քայլ է լինելու: Այս գիծը, որ օգտագործելու են տարածաշրջանի բոլոր երկրները, պահ առաջ վերջացնելու համար Ադրբեջանի հետ շատ սերտ ենք աշխատում»:
Նա նաեւ հայտարարել է. «Զանգեզուրի միջանցք» կարեւոր միջանցք է, որը եւ թյուրքական շխարհն է իրար կապելու, եւ ապահովելու է Հեռավոր Արեւելքի կապը Եվրոպայի հետ: Ադրբեջանական կողմում աշխատանքները շարունակվում են, թուրքական կողմում առաջիկա օրերին, ամիսներին սկսելու ենք աշխատանքները: ՀՀ տարածքի «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված էլ առաջընթաց ունենք: Այնտեղ էլ Ալլահի կամքով, աշխատանքներին որպես Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա հետեւում ենք: Աշխատում ենք դա էլ կարճ ժամանակում կյանքի կոչել: Այն նույնպես միջին միջանցքի կարեւոր այլընտրանք է լինելու»:
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Արդյոք մենք դեմ ենք Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու վերաբացմանը: Ոչ մենք դեմ չենք, ընդհակառակը, կողմ ենք դրան եւ կարծում ենք, որ Հայաստանի համար դա շատ կարեւոր նախագիծ է: Արդյոք մենք դեմ ենք տարածաշրջանի տրանսպորտային երթուղիների բացմանը: Ոչ դեմ չենք, կողմ ենք եւ կողմ ենք, որ ինչպես Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի տարածքով, այնպես էլ Նաշիջեւանը եւ Ադրբեջանի արեւմտյան Ադրբեջանի շրջանները Հայաստանի տարածքով հաղորդակցվեն: Արդյոք մենք դեմ ենք, որ ՀՀ տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղեր, նավթամուղեր, էլեկտրահաղորդման գծեր: Ոչ, դեմ չենք, ընդհակառակը, հետաքրքրված ենք այդ ծրագրերով: Այդ ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության եւ իրավազորության սահմաններում:
Մեզ համար անընդունելի է ՀՀ ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որեւէ կերպ կասկածի տակ դնող որեւէ հայտարարություն: Մեզ համար դա կարմիր գիծ է»:
Փաշինյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ միջանցք՝ սուվերենության որոշակի սահմանափակմամբ, նախատեսված է միայն Լաչինի միջանցքը. «ՀՀ տարածքով միջանցք նախատեսված չէ: Այստեղ կարեւոր է, որ մենք միջազգային հանրության ականջին շփոթ չստեղծենք: Շատ դեպքերում, Եվրոպայում միջանցք ասում են՝ հասկանալով տրանսպորտային հաղորդակցությունը, այս բառը մեզ համար զգայուն է եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքի պատճառով: Շատ դեպքերում, օրինակ, Ադրբեջանի որոշ շրջանակներ, հասկանալով զգայունությունը, օգտագործում են սխալ կոնտեքստեր եւ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ ձեւավորելու համար: Այդ իմաստով մեզ համար դա ոչ միայն անընդունելի է, այլեւ մեզ համար կարմիր գիծ է»,-ասաց նա:
Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը հենց վաղը կարող է տրանսպորտային կոմունիկացիաների բացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել. «Արդեն երկար ժամանակ ՀՀ կառավարության օրակարգում շրջանառվում է մի նախագիծ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին 3 անցակետ բացելու վերաբերյալ, որոնցից մեկը Նախիջևանի սահմանին, երկուսը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ սահմանին։ Ուզու՞մ են ճանապարհ՝ մենք էլ ենք ուզում»,- ընդգծեց Փաշինյանը:
Добавить комментарий