Իրանի վրա անօդաչուներով հարձակումը փոքր մասշտաբի գործողություն էր, որն ուղեկցվում էր լրատվական ուռճացմամբ․ Վարդան Ոսկանյան
Իրանի վրա անօդաչուներով հարձակումը փոքր մասշտաբի գործողություն էր, որն ուղեկցվում էր լրատվական ուռճացմամբ, ներկայումս պաշտոնապես հաստատվել է Սպահանում մեկ օբյեկտի մասնակի վնասում։ Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Նույնիսկ, եթե մի պահ սրան ավելացնենք Ազարշահր քաղաքի ավտոյուղերի արտադրական ձեռնարկությունում բռնկված հրդեհը, որը, ըստ իրանական կողմի պաշտոնական հաղորդագրության, տեխնածին բնույթ է ունեցել, այլ ոչ թե հարձակման հետևանք է, ապա կունենանք ընդամենը երկու օբյեկտ»,- հայտնում է իրանագետը։
Վարդան Ոսկանյանը նկատում է, որ իրանական ՀՕՊ համակարգերը կարողացել են արդյունավետ գործել, և Իրանը պատրաստ է եղել նման հնարավոր հարձակման։ Նրա խոսքով՝ վերջնականապես հաստատված չէ, թե ո՞ր երկրի ԱԹՍ-ներն են ներգրավված եղել հարձակման մեջ, և որտեղի՞ց են դրանք օդ բարձրացել կամ կառավարվել։ Նա նշել է, որ շրջանառվում է իսրայելական ծագման և Ադրբեջանի կամ Իրաքի տարածքից իրականացման հիմնական վարկածը։
«Լրատվական աղմուկը և գործողության քարոզչական ուռճացումը նաև ապատեղեկատվական հոսքերով հստակորեն տեղավորվում է Իրանի նկատմամբ վարվող քարոզչական պատերազմի տիրույթում և նպատակ ուներ փորձելու խուճապ տարածել իրանական հասարակության ներսում, ինչը մատնվել է անհաջողության»,- ասել է նա։
Վարդան Ոսկանյանը հավելել է, որ լրատվական ուռճացման և ապատեղեկատվության տարածման մեջ ակտիվ դերակատարություն են ունեցել հիմնականում իսրայելական, ադրբեջանական և որոշ արաբական մեդիա հարթակներ։ «Իրանը շարունակում է մնալ, պատկերավոր ասած, մերձավորարևելյան առյուծ, սրանից բխող բոլոր հետևանքներով»,- եզրափակել է նա։
Добавить комментарий