Եթե Սյունիքի վրա հարձակում լինի, Հարավային Կովկասում բոլոր հավասարումները կխաթարվեն
Իրանցի փորձագետ Հասան Բեհեշթիփուրն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր հարձակմանը և այդ դեպքում իրանական կողմի գործողություններին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Բեհեշթիփուրը շեշտել է, որ դա կհամարվի այլ երկրի տարածքի խախտում: Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանը երկար տարիներ ընդունել է այս տարածաշրջանը Հայաստանի կազմում, սակայն վերջին տարիներին Իլհամ Ալիևն այդ տարածքի վերաբերյալ «պատմական» հայտարարություններ է անում»:
«Եթե անդրադառնանք պատմությանը, ապա պատմական բազմաթիվ պնդումներ կան թե՛ Նախիջևանի, թե՛ Կովկասի 17 քաղաքների վերաբերյալ։ Այս տարածքները նախկինում եղել են Իրանի կազմում, ուստի ավելի լավ է, որ Բաքուն դադարի սպառնալ հարևան երկրին»,- ասել է փորձագետը։
Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կհարձակվի Սյունիքի վրա, Բեհեշթիփուրը պատասխանել է, որ Բաքուն ցանկանում է հարձակվել, բայց չի կարող։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը հասկացել է Իրանի և նույնիսկ Ռուսաստանի լուրջ ընդդիմությունն այս հարցին, և եթե հարձակում լինի, Հարավային Կովկասում բոլոր հավասարումները կխաթարվեն։
Անդրադառնալով հարձակման դեպքում Իրանի հավանական արձագանքներին` փորձագետն ասել է, որ Իրանն իր պորտֆելում ունի և՛ դիվանագիտական քայլեր, և՛ միջազգային իրավունքի իրացման, և՛ ռազմական գործողությունների հնարավորություն։ Նա հիշեցրել է, որ երկու տարի առաջ կայացած զորավարժությունների ժամանակ Իրանը լողացող կամուրջ կառուցեց Արաքս գետի վրա, որով տանկերն ու ռազմական մեքենաները, հայկական կողմի համաձայնությամբ, անցան գետի մյուս ափը:
«Այս զորավարժություններն անցկացվել են՝ նպատակ ունենալով ադրբեջանական կողմին ցույց տալու, որ Իրանը լուրջ է վերաբերում այս հարցին։ Հարձակման հավանականությունը շատ փոքր է, սակայն եթե դա տեղի ունենա, այդ դեպքում Բաքուն անպայման կբախվի Իրանի դիվանագիտական, իրավական և ռազմական գործողություններին»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է պետությունների տարածքային ամբողջականության պահպանումը, և նրա համար անընդունելի է տարածաշրջանային սահմանների որևէ փոփոխություն։
Թեհրանը շատ լավ գիտակցում է, որ հնարավոր փոփոխություններն ուղղված են լինելու հատկապես իր շահերի դեմ և հենց այս նպատակով էլ ամեն գնով ձգտում է կանխել դա։ Ներկայումս կարող ենք պնդել, որ Իրանի մոտեցման շնորհիվ հաջողվել է որոշակիորեն զսպել Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները, սակայն դրանք չեն վերացել և նպաստավոր իրավիճակի առկայության դեպքում կրկին կարող են ի հայտ գալ։
Добавить комментарий