Թեհրանը վերահաստատում է՝ չի հանդուրժի տարածաշրջանում միջազգային սահմանների որևէ փոփոխություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ լարվածության ֆոնին Իրանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ չի հանդուրժի տարածաշրջանում միջազգային սահմանների որևէ փոփոխություն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի ՊՆ ներկայացուցիչ Ռեզա Թալաինիկի հայտարարությանը։
Հաղորդվում է, որ չնայած Իրանի ՊՆ ներկայացուցիչը չի հիշատակել Հայաստանի և Ադրբեջանի անունները, սակայն ակնհայտ է, որ հայտարարությունը վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժելու հնարավոր սպառնալիքին։ «Մենք հայտարարել ենք, որ թույլ չենք տա սահմանների որևէ փոփոխություն տարածաշրջանում։ Մեր որոշ սահմանակետերում ցանկացել են փոփոխություններ մտցնել, բայց չեն համարձակվել և չեն համարձակվի»,- ասել է նա։
Ռեզա Թալաինիկը շեշտել է՝ երբ Իրանն ասում է, որ սահմանները չպետք է փոխվեն, դա նշանակում է, որ նա հենվում է որոշակի հիմքի վրա, օրինակ՝ իր ռազմական հզորության։
Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանը խոցելի է դարձել և երկրի հարավում բախվել է իր ավելի հզոր հարևանի հնարավոր ներխուժման վտանգին։ Նրա խոսքով՝ նման սցենարի դեպքում Իրանը կկորցնի անվտանգ ցամաքային միջանցքը հյուսիսում, ուստի բազմիցս նախազգուշացրել է, որ չի հանդուրժի նման քայլ Ադրբեջանի կողմից, ինչպես նաև սահման է ուղարկել լրացուցիչ ուժեր։
#Դետքի_հետագծով
Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, և 2020 թվականից սկսած` իրանական կողմն ամեն կերպ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը։ Հենց այս իրողությունից ելնելով` Ադրբեջանը որոշակիորեն հրաժարվել է ՀՀ տարածքի վրա հարձակվելու մտադրությունից, սակայն հարմար իրավիճակի դեպքում պատրաստ է նորից անցնել հարձակման։
Добавить комментарий