Опубликовано A.Muradyan -
trusru6

Նախիջևանն Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում․ Էրդողան

Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը Նախիջևանում հանդես են եկել մի շարք հայտարարություններով։ Թուրքիայի նախագահը, շեշտելով երկու երկրների «բացառիկ» դաշնակցային հարաբերությունները, մասնավորապես նշել է․ «Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններն աշխարհում եզակի և  բացառիկ դիրքում են գտնվում։ Մենք շարունակում ենք աշխատանքը՝ ամրապնդելու մեր հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ոլորտներում, միասնական պետության և երկու պետությունների հայեցակարգի շրջանակում: Շուշիի հռչակագիրը, որը ստորագրել ենք ես և եղբայրս՝ Իլհամը, կարևոր քայլ է մեր հարաբերությունների դաշնակցային մակարդակն ամրապնդելու գործում։ Նախիջևանն Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում պատմության ընթացքում իր ռազմավարական նշանակության շնորհիվ։ Նախիջևանն այսօր ևս մեծ ներուժ ունի տնտեսության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։ Տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ստեղծմամբ մենք հնարավորություն կունենանք ամբողջությամբ իրացնելու այդ ներուժը»։

Անդրադառնալով Արցախում տեղի ունեցած իրադարձություններին` Թուրքիայի նախագահը նշել է. «Ադրբեջանն Արցախյան երկրորդ պատերազմից (խմբ․) հետո անցած երեք տարիների ընթացքում, ցավոք, չստացավ այն մտահոգությունների պատասխանը, որոնք բարձրաձայնում էր պարբերաբար։ Արդյունքում ստիպված եղավ իր ինքնիշխան տարածքում իրականացնել ռազմական գործողություն։ Գործողությունը կարճ ժամանակում իրականացնելով, հատկապես քաղաքացիական անձանց իրավունքների նկատմամբ ծայրաստիճան զգոնություն ցուցաբերելով այն հաջողությամբ ավարտելը մեզ համար պարծանքի առիթ էր»։

Ըստ Էրդողանի` Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան «հնարավորության պատուհան է բացել տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար»:

Էրդողանը շեշտել է, որ Հայաստանը «անկեղծ քայլեր» կձեռնարկի տարածաշրջանում կայունության և խաղաղության համար` օգտվելու այս հնարավորությունից։

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքը և ազնիվ քայլեր կձեռնարկի»,- նշել է Էրդողանը:

Նա հավելել է, որ Ադրբեջանի հաջողությունը հպարտություն է Թուրքիայի համար, և շնորհավորել է ադրբեջանական բանակին՝ տարածաշրջանի խաղաղ բնակիչների նկատմամբ «զգայունություն» ցուցաբերելու համար։

#Դետքի_հետագծով

Արցախի վրա Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակումը Թուրքիան և Ադրբեջանը որակում են իբրև «հակաահաբեկչական գործողություն»՝ միայն «զինված խմբավորումների» և ռազմական օբյեկտների դեմ: Սակայն, ի հակառակ այս պնդումների, սոցցանցերում հրապարակված բազմաթիվ տեսանյութեր փաստում են այն մասին, որ Ադրբեջանը թիրախավորել է խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան ոչ թե «հնարավորության պատուհան է բացել տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար», ինչպես նշում է Թուրքիայի նախագահը, այլ ևս մեկ անգամ ապացուցել է թշնամի երկու պետությունների ծավալապաշտական հավակնությունների անվերջության մասին։

 

 

Добавить комментарий