Իրանական պարբերականը զգուշացնում է՝ Ալիևը հատում է կարմիր գծերը
Եվրասիայի հարցերով իրանցի ավագ գիտաշխատող Ահմադ Քազեմին «Ջավան» թերթի համար հոդված է հրապարակել, որում նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատել է կարմիր գծերը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Փորձագետն ընդգծել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կեղծ ծրագիրն Իրանի դեմ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, աշխարհամշակութային և Կովկասում բնակվող շիաների դեմ ուղղված ասպեկտներով ծրագիր է։
Նրա համոզմամբ՝ այս ծրագիրը թիրախավորել է Իրանի կենսական շահերը՝ բրիտանական պանթուրանիզմի խթանման, Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով էթնիկական առանձին շրջաններ ստեղծելու դավադրության, Բաքվի օկուպացիայի հետևանքով առաջացած փախստականների խնդիրների առաջացման և տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդլայնման միջոցով։
Քազեմին հավելել է, որ նման իրավիճակում Թեհրանը կարող է միաժամանակ երեք միջոց ձեռնարկել:
Առաջինը՝ շարունակելով իր վճռական մոտեցումը, որի մասին են վկայում կողմերին պաշտոնական նախազգուշացումները, վարժանքներն ու Կապանում հյուպատոսության բացումը, Իրանը պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան, եթե կողմերը դավադիր քայլեր ձեռնարկեն։
Երկրորդ՝ ի տարբերություն կողմերի ենթադրության՝ Իրանն ունի պատմական իրավունքներ, ինչպես նաև անհրաժեշտ ուժ՝ Կովկասում տեղի ունեցող զարգացումներում հիմնարար փոփոխություններ կատարելու համար, ինչը պահանջում է կոնսենսուս։
Երրորդ՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Հայաստանի հետ խորհրդակցություններին զուգահեռ, Իրանը պետք է հետամուտ լինի և ներկայացնի իր լուծումները՝ Ադրբեջանին Նախիջևանը (Արաքսի ճանապարհով) միացնելու, ինչպես նաև էներգակիրներն Իրանի տարածքով Կենտրոնական Ասիայից Եվրոպա տեղափոխելու համար:
#Դետքի_հետագծով
Իրանական կողմը ձգտում է ամեն գնով թույլ չտալ տարածաշրջանային երկրների սահմանների փոփոխությունները, մինչդեռ ադրբեջանական կողմը պարբերաբար սադրանքների է դիմում, ինչն անհանգստացնում է Թեհրանին։ Իրանը շատ լավ գիտակցում է, որ եթե թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողվի վերահսկողություն հաստատել հայ-իրանական սահմանի նկատմամբ, ապա այդ հանգամանքը կօգտագործվի իր շահերի դեմ։
Добавить комментарий