Опубликовано D.Guyumjyan -
դետք

Ճապոնիան առաջարկել է իրանական միջուկային համաձայնագրի վերականգնման նախաձեռնություն. Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ Ճապոնիան իրանական միջուկային համաձայնագրի վերականգնման նախաձեռնությամբ է հանդես եկել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։ 


Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է՝ Ճապոնիայի ցանկացած նախաձեռնություն, որը համապատասխանում է Իրանի շահերին, Թեհրանի կողմից դրական կընկալվի: «Մենք աջակցում ենք Ճապոնիայի կառուցողական դերակատարությանը միջուկային գործարքի վերականգնման գործում»,- ասել է նա։  

Աբդոլլահիանը միևնույն ժամանակ Ճապոնիայի առաջարկի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։ Նա տեղեկացրել է, որ առաջարկը ստացել է Ճապոնիայի կառավարությունից, երբ օգոստոսին այցելել է Տոկիո և հանդիպել վարչապետ Ֆումիո Կիշիդայի հետ։

Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Թեհրանը կողմ է ցանկացած նախաձեռնության, որը կծառայի իր շահերին։


#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության և միջուկային վեցնյակի միջև 2015 թվականին երկարատև բանակցություններից հետո հաջողվեց համաձայնագիր ստորագրել, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին միակողմանիորեն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Ներկայումս գործարքը վերականգնելու շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն դրանք դեռևս որևէ արդյունք չեն տվել։

 

Добавить комментарий