Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին մեղադրել է Արցախում ցեղասպանությանը մասնակցելու մեջ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին ինստիտուտը հայտարարություն է տարածել իր X-ի (նախկին «Թվիթեր» - խմբ․) միկրոբլոգում։
Հաղորդվում է, որ ինստիտուտն աշխարհի առաջնորդներին մեղադրել է Արցախում ցեղասպանությանը մեղսակցության մեջ։
«Ցույց տալով, որ ոչինչ չի սովորել Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ներկայում իրականացվող ցեղասպանությունից, Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակել հանցագործին իր անխոհեմ, կեղծ հավասարակշռությամբ և մոլորություն հանդիսացող իր համոզմունքով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմը կարող է մասնակցել բարեխիղճ քննարկումների կամ բանակցությունների»,- ասվում է հայտարարության մեջ։
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիշեցնում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի կողմից վերջին օրերին արված հայտարարությունն այն մասին, որ կողմերն ունեն տարաձայնություններ և պետք է համաձայնվեն խոսել միմյանց հետ ու իրավիճակի հանգուցալուծման հասնել։
Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն որևէ դեր չի խաղացել՝ նպաստելով Ալիևի անպատժելիությանը ցեղասպանություն իրականացնելու գործում։ «Լեմկինի ինստիտուտը նախազգուշացնում է համաշխարհային առաջնորդներին, որ նրանք վարվում են այնպես, որ հնարավոր են դառնում նրանց հանդեպ ոչ միայն ցեղասպանության մեղսակցության մեղադրանքները, այլև հանցագործությանն օժանդակելու և դրդելու մեղադրանքները»,- նշվում է գրառման մեջ։
#Դետքի_հետագծով
Իսկապես Արցախի անմեղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կատարած գործողությունները ցեղասպանություն էին, որը որևէ արդարացում ունենալ չի կարող։ Չնայած Արցախը ներկայումս փաստացի հայաթափվում է, և նման հայտարարություններն այլևս որևէ գործնական նշանակություն չեն կարող ունենալ, այնուամենայնիվ չափազանց կարևոր է, որ Ադրբեջանի կողմից կատարված գործողությունները միջազգային հանրության կողմից իրավական գնահատական ստանան։
Добавить комментарий