Опубликовано D.Guyumjyan -
դետք

Իրանի ԱԳ նախարարը հերթական անգամ ընդգծել է սահմանների պահպանման անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերթական անգամ ընդգծել է միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանման անհրաժեշտությունը։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Աբդոլլահիանն ասել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։

Աբդոլլահիանն ընդգծել է, որ «3+3» ձևաչափն արդյունավետ մեխանիզմ է տարածաշրջանային խնդիրները լուծելու համար՝ առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտության։ Նրա խոսքով՝ Թեհրանը կարևորում է միջազգային սահմանների պահպանումն ու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։

Իրանի գլխավոր դիվանագետը նշել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի պետությունները՝ առանց արտաքին միջամտության։ 

Վերջինս միևնույն ժամանակ գոհունակություն է հայտնել Իրանի և Հայաստանի միջև աճող հարաբերությունների կապակցությամբ։

«Հուսով եմ, որ ապրանքաշրջանառության ծավալը տարեկան կկազմի երեք միլիարդ դոլար, ինչը պահանջում է համապարփակ և երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Թեհրանը պարբերաբար հայտարարում է, որ աջակցում է պետությունների տարածքային ամբողջականության պահպանմանը և դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը։ Սա առաջացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի դժգոհությունը, քանի որ կաշկանդում է վերջինիս իր գործողություններում։

 

Добавить комментарий