«Հիմա մենք գիտենք, որ նրանք մեր եղբայրները չեն, նրանք Հայաստանի եղբայրներն են». Ադրբեջանի հոգևոր առաջնորդը՝ Իրանի մասին
Կովկասի մուսուլմանների և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակումն ու այն ահաբեկչություն որակել։ Ադրբեջանական «Minval.az» լրատվականի հաղորդմամբ՝ Փաշազադեն այս մասին ասել է դեսպանատան սպանված աշխատակից Օրխան Ասկերովի հուղարկավորության արարողության ժամանակ։
«Այսօր իրենց ցավակցություններն են հայտնել մեր երկրի բոլոր կրոնների ներկայացուցիչները։ Սա վկայում է Ադրբեջանում հանդուրժողականության և ազգային միասնության առկայության մասին»,- ասել է Փաշազադեն։
Վերջինս պնդել է, որ «Ադրբեջանը միշտ եղել և մնում է հանդուրժող պետություն», սակայն նրա հարևանները թշնամական գործողություններ են իրականացնում երկրի նկատմամբ։ Նա հատկապես դժգոհել է, որ Իրանն Ադրբեջանի սահմաններին սպառազինություն է կուտակում և պարբերաբար հայտարարում, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է։
Նրա խոսքով՝ Իրանում բնակվում է «մոտ 40 միլիոն ադրբեջանցի, որոնք տառապում են երկրում գործող ռեժիմից»։
«Հիմա մենք գիտենք, որ նրանք մեր եղբայրները չեն, նրանք Հայաստանի եղբայրներն են։ Ինչպես հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը, տեղի ունեցած իրադարձությունն ահաբեկչություն է։ Հարցը պետք է մանրակրկիտ հետաքննվի, և աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը»,- եզրափակել է Փաշազադեն։
Добавить комментарий